Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները |armtimes.com|
23:03 - 25 նոյեմբերի, 2020

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավելի քան մեկամսյա դատարանից հետո այսօր կայացավ «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սերգեյ Սաժումյանի, Գեւորգ Բաքարյանի եւ Վարուժան Ավետիսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկվեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ քրեական գործի որոշ ապացույցներ անթույլատրելի ճանաչելու, գործից հեռացնելու եւ Թավադյանին վերադարձնելու մասին։

Արմեն Թավադյանը մեղադրվում է երկու տարբեր քրեական գործերով, որոնք դատարանի որոշմամբ միացվել եւ քննվում են մեկ վարույթում։ Առաջին գործը վերաբերում է 2019 թվականի մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկմանը զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի բակում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Գասպարին, հիշեցնենք, բողոքի ակցիա էր իրականացնրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառը ձեռքին, ինչով պայմանավորված նրա եւ Քոչարյանի աջակիցների միջեւ բախում էր եղել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության հատկանիշներով։ Նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել ինչպես Արմեն Թավադյանին, այնպես էլ Քոչարյանի աջակիցներ Սերգեյ Սաժումյանին եւ Գեւորգ Բաքարյանին։ Գասպարին այս գործով ճանաչվել է տուժող:

Երկրորդ գործի շրջանակում Թավադյանին, ինչպես  նաեւ Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառք առաջարկելու համար։ Գործով անցնող անձինք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Այսօրվա դատական նիստին դատարան էին ներկայացել դատախազներ Արսեն Մարգարյանը եւ Ցոլակ Մնացականյանը։ Վերջինս նախկինում գործի քննությանը չի մասնակցել, այժմ փոխարինում է գործով մեկ այլ դատախազ Ալիկ Ստեփանյանին։ Դատարանի որոշմամբ Ցոլակ Մնացականյանն այսօր քրեական գործով ներգրավվեց որպես մեղադրող։

Այնուհետեւ ամբաստանյալ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել Թավադյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված եւ քրեական գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված դրամական միջոցները եւ կիսաթանկարժեք քարերը։ Պաշտպանը հիշեցրեց, որ այդ իրերի առգրավումը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի որոշմամբ ճանաչվել է ոչ իրավաչափ, քանի որ այդպիսի առարկաների առգրավում խուզարկության որոշմամբ թույլատրված չի եղել․ «Դատական այդ ակտը բողոքակվել է եւ Վերաքննիչ դատարանի կողմից չի բեկանվել, ուստի այժմ ստացվում է, որ քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը դատարանի թույլատրած ծավալներից դուրս առգրավել է առարկաներ, որոնց կապը քրեական գործի հետ առ այսօր մատնանշված չէ»։

Պաշտպանի խոսքով՝ նույն քննիչի հետ նույնական հանգամանքներում խնդիր է եղել նաեւ գույքի վրա դրված կալանքի հարցով, սակայն այդ խոչընդոտը հեշտ հաղթահարվել է, եւ արգելանքը հանվել է, եւ ըստ պաշտպանի՝ դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը հնարամտություն է դրսեւորել՝ փորձելով լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել։

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դրամական միջոցների առկայության, դրանց թվի փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց դրանք չեն կրում իրենց վրա հանցագործության որեւէ հետք, չեն հանդիսանում ապօրինի ճանապարհով ձեռքբերված միջոցներ եւ մեղադրանքի շրջանակում ոչինչ չեն հաստատում։

Պաշտպանական կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող կողմն առարկեց դրա դեմ (տուժող կողմից ոչ ոք նիստին ներկա չէր,- խմբ․)։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ այդ ապացույցների իրավաչափության վերաբերյալ մեկ այլ դատարանի դիրքորոշումը չի կարող կանխորոշիչ լինել այս դատարանի համար, եւ այդ ապացույցների իրավաչափությունը պետք է քննվի ապացույցների հետազոտման փուլում․ «Դատարանը, գործն ըստ էության քննելով, ապացույցների հետազոտության արդյունքում է կարող եզրահանգել՝ այս կամ այն առարկան ձեռք է բերվել օրենքով սահմանված կարգով, համապատասխանում է իրեղեն ապացույցների ճանաչման օրենսդրական պահանջներին թե ոչ, այսինքն՝ առանց նյութերի հետազոտման այս փուլում դատարանը չպիտի քննարկի միջնորդությունը, առնվազն պիտի հետաձգի այն»։

Անդրադառնալով պաշտպանի այն պնդմանը, որ խուզարկության արդյունքում առգրավվել են առարկաներ, որոնք խուզարկության թույլտվության որոշման մեջ նշված չեն եղել, մեղադրողը կարծիք հայտնեց, որ պրակտիկայում վարույթն իրականացնող ոչ մի մարմին չի կարող սպառիչ թվարկել, թե կոնկրետ ինչ առարկաներ է ցանկանում հայտնաբերել ու վերցնել, միշտ թվարկում են որոշակի առարկաներ եւ քրեական գործի հետ կապ ունեցող այլ իրեր․ «Կարող է որոշակի ողջամիտ սահման լինել, թե ինչ է ակնկալվում առգրավել, բայց սպառիչ ցանկով այնպիսի որոշում, ինչպիսին դատարանն էր գրել, ես չէի հանդիպել»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել