Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց |tert.am|
16:44 - 25 նոյեմբերի, 2020

Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց |tert.am|

tert.am: Սադրանք է եղել իմ նկատմամբ: Այս մասին Ոստիկանության Կենտրոնականի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով բերման էր ենթարկվել Կառավարության շենքի մոտակայքից:

«Կառավարության շենքի առջևով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, ոստիկանների մեջ կանգնած էր ծանոթներիցս մեկը, որին բազմիցս աջակցել ենք մեր գրասենյակում՝ բնակարանային հարցով. քրեական անցյալ ունեցող մեկն էր: Անցնելիս բավական ագրեսիվ ձևով ասաց՝ «ինչ եղավ իմ գործը»: Ես էլ շտապում էի, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում»,-ասավ Իշխանյանը՝ նշելով, թե դրանից հետո նշված քաղաքացին հայհոյանքներ է հնչեցրել Իշխանյանի ու Ղարաբաղի հասցեին:

«Հարձակվեց ու սկսեց քաշքշել ինձ: Այդ ժամանակ եկան քաղաքացիները և ոստիկանները, նրան քաշեցին մի կողմ, և Ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց: Հետաքրքիրն այն է, որ բերման ենթարկելու որոշման մեջ գրված էր՝ ծեծի ենթարկելու կասկածանքով. ես ծեծի ենթարկելու կասկածանքով բերման եմ ենթարկվել»,-ասաց իրավապաշտպանը:

Նա ընդգծեց՝ ինչ գործ ուներ քրեական անցյալ ունեցող մարդը ոստիկանների մեջ կանգնած. «Դրանից ելնելով՝ ես համարում եմ, որ սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ, և ես զգուշացնում եմ հասարակական, քաղաքական գործիչներին, որ պետք է զգույշ լինել, հավանաբար առաջիկայում այդպիսի սադրանքներ էլի կլինեն»,-ասաց նա:

Իշխանյանի կարծիքով՝ վարչապետի կողմից խնդիր է դրված ցանկացած գնով իշխանությունը պահել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել