1lurer.am: Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված պարտավորություններն ու խնդիրները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահների գործողություններին:  

Նա նշել է, որ հյուսիսային և հարավային տարածքներում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն խաղաղապահ ստորաբաժանումներն իրականացնում են 23 դիտակետում։

Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանագծի ողջ երկայնքով, ռուս խաղաղապահների և տեղական իշխանությունների ջանքերով բնակչությունը վերադառնում է բնականոն կյանք։

«Ռուս խաղաղապահների հումանիտար ականազերծման կենտրոնը Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում և հարակից մեկ հեկտար տարածքում իրականացրել է ականազերծում: Հայտնաբերվել է 5 պայթուցիկ առարկա և ոչնչացվել: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները հայտնաբերել և վնասազերծել են 57 պայթուցիկ առարկա:

Ռուսաստանի ինժեներատեխնիկական ստորաբաժանումների զինվորականները շարունակում են համագործակցել Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների հետ՝ իրականացնելով փողոցների մաքրման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։

Ռուս խաղաղապահ զորամիավորումների պարեկներն ապահովում են սննդի և խմելու ջրի անվտանգ առաքումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրեր: Նրանք ապահովում են նաև տեղահանվածների անվտանգ վերադարձը: Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 տեղահանված։ Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 13 հազար բնակիչ արդեն վերադարձել է բնակության նախկին վայրեր:

Ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ-ի համատեղ ջանքերով շարունակվում է զոհվածների դիերի որոնման և փոխանակման գործընթացը։ Այս նպատակով ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության նախաձեռնությամբ ստեղծվել են համատեղ խմբեր, որոնք բաղկացած են ռուս խաղաղապահ ուժերի, Ադրբեջանի զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից: Համատեղ խմբերի կողմից հայտնաբերված դիերը հանձնվում են կողմերին՝ հուղարկավորության համար: Հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով ռուս խաղաղապահները կապ են հաստատել կողմերի հրամանատարության և տեղական իշխանությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը: