Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվում է․ պատգամավորները կարծում են՝ ռիսկերը կառավարելի են |armtimes.com|
17:44 - 24 նոյեմբերի, 2020

Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվում է․ պատգամավորները կարծում են՝ ռիսկերը կառավարելի են |armtimes.com|

armtimes.com: Դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ վերջին շրջանում արժեզրկվում է։ 1 դոլարի առքը երեկ 506-510 դրամ էր, իսկ վաճառքը՝ 518- 522 դրամ։ Դեռեւս կորոնավիրուսից առաջ 1 դոլարի դիմաց առքուվաճառքը հիմնականում տատանվում էր 480-485 դրամի սահմաններում։ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում այն որոշակի աճեց, սակայն հետո դարձյալ կարգավորվեց։ Դոլարի փոխարժեքի աճը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել ֆինանսական կայունության առումով, քանի որ այն իր հետ բերում է դրամի արժեզրկում, սակայն ոլորտի մասնագետ պատգամավորները այստեղ նաեւ հնարավորություններ են տեսնում։

ՀՀ Կենտրոնական բանկից  հայտնեցին, որ մշտապես հետեւում են Հայաստանում մակրոտնտեսական զարգացումներին, այդ թվում՝ նաեւ դրամի փոխարժեքին։

«ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել ցածր, կայուն եւ կառավարելի գնաճ։ Այս պահի դրությամբ ՀՀ ԿԲ-ն դրամի արժեզրկման հետեւանքով էական գնաճային եւ ֆինանսական կայունության ռիսկեր չի տեսնում, սակայն այդպիսի ռիսկերի դրսեւորման պարագայում պատրաստ է արձագանքել իր ողջ գործիքակազմով»,- նշել են կառույցից։ ԿԲ-ն տեղեկացրեց, որ մարտ ամսից ի վեր զգալիորեն ավելացրել են ֆինանսական համակարգին թե՛ դրամային, թե՛ արտարժութային անհրաժեշտ իրացվելիության տրամադրումը, ինչը էապես նպաստել է մեղմելու ցնցումների հնարավոր ազդեցությունը ՀՀ ֆինանսական շուկաների վրա։

ԿԲ-ից նաեւ հայտնեցին, որ արտարժութային շուկայի ներկայիս զարգացումները համարում են բնականոն եւ համաչափ, իսկ հնարավոր գնաճային ռիսկերի նյութականացման դեպքում կարձագանքեն իրենց ամբողջ գործիքակազմով՝ առաջին հերթին օգտագործելով իրենց հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը։

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում խոսելով ներկայիս տատանման մասին՝ նշեց, որ այն շատ տարբեր պատճառներով կարող է լինել. «Տվյալ դեպքում մենք գործ ունենք տնտեսական անորոշությունների հետ կապված՝ տնտեսվարող սուբյեկտների եւ քաղաքացիների սպասումների հետ։ Դա պայմանավորված է անորոշություններով՝ ռազմական դրությամբ, քաղաքական անկայունությամբ եւ այլն»։

Պատգամավորի կարծիքով՝ բնական է, երբ անորոշությունների պայմաններում անկանխատեսելիությունն ու ռիսկերի աճը բերում են տնտեսվարողների եւ մարդկանց վարքագծի փոփոխության, ինչն էլ երբեմն արտացոլվում է արտարժույթի կուրսի տատանմամբ։

«Պետք է միեւնույն ժամանակ նկատի ունենալ, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի կարգավորումն է, եւ տվյալ դեպքում մենք ունենք ընդամենը 1.5 տոկոս գնաճ, իսկ մինչեւ տարեվերջ սպասվում է ընդամենը 2.3- 2.5 տոկոս գնաճ, այսինքն այս առումով այստեղ խնդիր չկա»,- նշեց նա։

Խաչատրյանի խոսքով՝ դրամի արժեզրկումը նպաստավոր պայմաններ է ստեղծում արտահանման զարգացման եւ արտահանման մեծացման համար, եւ այս պահը կարող է օգտագործվել այս ուղղությունն աշխուժացնելու համար. «Միշտ խոսել ենք այն մասին, որ մեր տնտեսական զարգացման հիմնական թիրախներից մեկը պետք է լինի արտահանմանը միտված տնտեսական աճը, այսինքն արտահանման մեծացումը եւ առաջանցիկ աճը՝ ներմուծման համեմատ։ Դրա արդյունքում կարող ենք զարկ տալ նաեւ ՀՆԱ-ի ավելացմանը։ Այսինքն՝ ցանկացած տնտեսական իրավիճակում պետք է փորձել նաեւ օգտվել այն լրացուցիչ հնարավորություններից, որոնք տրվում են այդտեղ»։

Պատգամավորն ընդգծեց՝ արտարժույթի կուրսի կայունությունը չափազանց կարեւոր է մեր երկրի համար, սակայն դա ԿԲ-ի հիմնական նպատակը չէ եւ հետեւաբար չպետք է թիրախավորել։

«Ազատ կուրսի քաղաքականությունը պետք է պահպանել՝ անհրաժեշտության դեպքում միջամտություններ անելու՝ կտրուկ տատանումները մեղմելու համար։ Բայց հիմնական ֆունդամենտալ ցուցանիշներին կպչել չի կարելի՝ ինչպես դա արվում է, օրինակ՝ Թուրքիայում»։ Պատգամավորը նշեց, որ հանրային համերաշխությունը եւ քաղաքական կայունացումը ավելի բարենպաստ պայմանների ապահովումը կբերի ֆինանսական շուկաների կայունության։ Նա առայժմ մեծ անկայունության ռիսկ չի տեսնում։

Խաչատրյանի գլխավորած հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը եւս այն կարծիքին է, որ դրամի արժեզրկման հիմնական պատճառներից մեկը քաղաքացիների սպասումներն են։ Նա ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմական գործողությունների աննպաստ ավարտը քաղաքացիների մոտ բացասական սպասումներ է ձեւավորել, եւ քաղաքացիները արդեն նախընտրում են խնայողություններն ավելի շատ արտարժույթով պահել. «Ստացվում է, որ պահանջարկն արտարժույթի նկատմամբ ավելի է մեծացել, քան դրամի, ինչն էլ բերել է կուրսի համապատասխան փոփոխության»։

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը, Սողոմոնյանը պատասխանեց. «Առաջին խնդիրը հայկական դրամի նկատմամբ վստահության հարցն է։ Եթե արտարժույթն արժեքավորվում է, իսկ դրամն արժեզրկվում, դրա բացասական կողմերից մեկն այն է, որ Կենտրոնական բանկի ֆինանսական շուկային միջամտելու գործիքները թուլանում են»։

Պատգամավորն ընդգծեց՝ ինչքան դրամը կայուն է, այդքան ԿԲ-ի գործիքակազմն ավելի լավ է ազդում։ Հաջորդ բացասական կողմն այն է, որ ներմուծողների համար խնդիրներ են առաջանում, քանի որ դոլարով են գնում կատարում. «Մյուս կողմից տեղական արտադրությունն առավելություն է ստանում՝ հատկապես արտահանման ուղղությունը»։

Նրա խոսքով՝ այս պահին փոխարժեքի տատանման տարբերությունն այդքան էլ մեծ չէ՝ հաշվի առնելով քաղաքական դաշտի իրավիճակը, պատերազմական իրավիճակը եւ կորոնավիրուսը, այս պահին առկա արտարժույթի փոփոխությունը վերահսկելի է։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել