Երեք հայ ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ նշվել են իրավունքի մի շարք խախտումներ․ Սահակյան |armtimes.com|
13:30 - 24 նոյեմբերի, 2020

Երեք հայ ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ նշվել են իրավունքի մի շարք խախտումներ․ Սահակյան |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված հայ ռազմագերիներից 3-ի՝ Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի եւ Սամվել Ասատրյանի վերաբերյալ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Նրանց շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ գանգատում բարձրացվել են ինչպես ռազմագերիների, այնպես էլ նրանց ընտանիքների՝ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքից եւ խոշտանգումից զերծ մնալու իրավունքների խախտումները․ «Ընտանիքներին անորոշության մեջ պահելը, ծաղրանք պարունակող տեսանյութեր տարածելը եւ դրանցով հայերին ահաբեկելը ընտանիքի մոտ հոգեկան տառապանք է առաջ բերում, որը եւս դիտարկվում է անմարդկային վերաբերմունք»։

Բարձրացվել են նաեւ ադրբեջանցիների խախտումներից հայերի արդյունավետ պաշտպանության մեխանիզմների բացակայության, ազգային հիմքով խտրական վերաբերմունքի հարցեր․ «Հայ ռազմագերիների նկատմամբ տեղի են ունենում ռազմական հանցագործություններ միայն այն պատճառով, որ նրանք էթնիկ հայեր են, նման գործողությունները տիպական չեն ռազմական կոնֆլիկտներին, ուստի ակնկալիք կա, որ դատարանը կարձանագրի նաեւ խտրականության արգելքի խախտում»։

Սահակյանի պոսքով՝ վկայակոչվել է նաեւ մասնավոր ընտանեկան կյանքի խախտումը, քանի որ ռազմագերիների տեսանկարահանումը իրականացվում է առանց նրանց համաձայնության եւ ամենաբազմազան դրվագներով։

Վկայակոչելով ռազմագերիների մի շարք իրավունքների խախտումներ՝ փաստաբաններն առայժմ անդրադարձ չեն կատարել կյանքի իրավունքին. լիահույս են, որ դրա դեմ ոտնձգություն լինել չի կարող: «Այս պահին մենք զերծ ենք մնացել կյանքի իրավունքի խախտումները վկայակոչելուց՝ հաշվի առնելով, որ ՄԻԵԴ-ը, անհապաղ միջոցներ կիրառելով, ապացուցված է համարել այդ անձանց՝ Ադրբեջանի տիրապետության տակ ողջ հայտնվելը, եւ պահանջել է ապահովել նրանց կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Եթե այլ զարգացումներ լինեն, նոր կվերանայենք եւ կլրացնենք այդ իրավունքի հարցերը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Վերջինիս խոսքով՝ գանգատի շրջանակում կարեւոր դերակատարում կարող է ունենալ հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով ամիսներ առաջ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը։ Հիշեցնենք՝ Գուրգեն Մարգարյանին կացնահարել էր ադրբեջանցի զինծառայող Սաֆարովը 2004թ.՝ Բուդապեշտում անցկացվող ռազմական դասընթացի ժամանակ։ Մարգարյանն ընդդեմ Ադրբեջանի գործով  Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը, այլեւ փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Սաֆարովի անպատժելիությունը եւ հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհի ազգային պատկանելության հիմքով։

Ըստ Սահակյանի՝ իրենց՝ փաստաբանների կողմից Եվրոպական դատարանում ներկայացվել են այս պատերազմի ընթացքում գերեվարված 29 զինծառայողների շահեր, որոնցից 20-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրել է անհապաղ միջոց կիրառելու որոշում եւ պարտավորեցրել Ադրբեջանին տեղեկություններ տրամադրել նրանց պահման պայմանների, առողջական վիճակի մասին, 9-ի գործերը դեռեւս ընթացքի մեջ են։ Թե ինչ տեղեկություններ են տրամադրել, Սահակյանն առայժմ նպատակահարմար չհամարեց մանրամասնել, բայց պնդեց՝ դրանք խիստ ընդհանրական են եւ անարժանահավատ, ինչը հաշվի առնելով էլ՝ փաստաբանները լրացուցիչ ապացույցներ պահանջելու խնդրանքով դիմել էին Եվրոպական դատարան։ ԵԴ-ն եւս երեկ արձանագրեց, որ Ադրբեջանը արժանահավատ եւ հիմնավոր տեղեկություններ չի տրամադրել, եւ որպես լրացուցիչ վերջնաժամկետ սահմանեց նոյեմբերի 27-ը։

Սիրանուշ Սահակյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին․

- Տիկի՛ն Սահակյան, ՄԻԵԴ-ը Ձեր լրացուցիչ դիմումի հիման վրա՞ է այս արձանագրումն արել թե՞ Ադրբեջանը նոր տեղեկություններ է տրամադրել այլ ռազմագերիների մասին, որոնք դարձյալ խիստ ընդհանրական են։

- Եվ սկզբնական, եւ հետագա գործերով դատարանի ուշադրությունը հրավիրել էինք այն հանգամանքին, որ տրամադրվող տեղեկատվությունը դեկլարատիվ է եւ չունի կոնկրետացում, մանրակրկիտ նկարագրություն, ինչի պայմաններում մենք չենք կարող վստահել այդ տեղեկատվությանը։ Մյուս կողմից՝ բժշկական հարցերը պետք է իրենց հետեւում ունենային մասնագիտական կարծիքներ, եզրակացություններ, այսինքն՝ անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է փաստաթղթավորված լինի, իսկ քանի որ մեզ չեն ներկայացվել բժշկական փաստաթղթեր, այդ տեղեկությունների արժանահավատությունը եւս կասկածի տակ ենք դրել։ ԵԴ-ն, ըստ էության, կիսել է մեր մտահոգությունները, դրա համար էլ որոշել է՝ բացի այն, որ պետք է նոր տեղեկատվություն պահանջի, պետք է խստացնի նաեւ իր մոտեցումները. եթե նախկինում հետաձգում էր հարցի քննարկումը, դեպքը վերցնում էր իր ձեռքի տակ, ապա այժմ բոլոր գործերով կիրառում է անհապաղ միջոցներ։

- Այսինքն՝ սահմանված նոր վերջնաժամկետը վերաբերում է բոլո՞ր ռազմագերիներին։

- Այո, ե՛ւ մեր, ե՛ւ Կառավարության ներկայացրած ռազմագերիներին, բոլորի առնչությամբ ՄԻԵԴ-ը ցանկանում է վստահելի տեղեկատվություն ստանալ։

- Ձեր կողմից ներկայացված ռազմագերիների թիվը 29-ն է։ Իսկ ռազմագերիների ընդհանուր ի՞նչ թիվ է հայտնի այս պահին։

- 29-ին կարող ենք գումարել Կառավարության կողմից ներկայացված 9 ռազմագերու գործերը։ Մենք ունենք ընթացիկ 5 գործեր, որոնք հաստատված են, նախապատրաստման փուլում են։ Ունենք նաեւ շուրջ 2 տասնյակ դեպքեր, որոնք ստուգման փուլում են. չենք բացառում, որ եթե կարողանանք լրացնել այդ ապացույցները, դրանք եւս կներկայացնենք դատարան։ Համենայն դեպս, մեզ մոտ կա առնվազն կասկած, որ այդ անձինք եւս գերեվարվել են։ Քաղաքացիական անձանց առնչությամբ Կառավարությունն է գործընթաց իրականացրել, նրանց վերաբերյալ մոտ մեկ տասնյակ հաստատված դեպքեր կան։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել