Հայաստանում կորոնավիրուսի թվերը դանդաղ նվազում են. մասնագետը հորդորում է չկորցնել զգոնությունը |armenpress.am|
09:48 - 24 նոյեմբերի, 2020

Հայաստանում կորոնավիրուսի թվերը դանդաղ նվազում են. մասնագետը հորդորում է չկորցնել զգոնությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված վերջին մեկ շաբաթվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտվում է վարակի թվերի դանդաղ տեմպերով նվազում: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ եթե պատերազմի ժամանակահատվածում օրական գրանցվում էր 2 հազարից ավելի նոր դեպք, ապա վերջին օրերին թվերը կիսով չափ նվազել են: Արդեն օրական գրանցվում է 1300-1400 նոր դեպք: 

«Համաճարակաբանական օրինաչափությունն ասում է, որ մենք դանդաղ նվազում ունենք, ինչպես առաջին ալիքի դեպքում էր: Դա ամենևին չի նշանակում, որ դա իսպառ կվերանա: Դանդաղ նվազման միտումը կդիտվի, որից հետո հնարավոր է մենք նորից բարձրացում ունենանք»,-ասաց Գայանե Սահակյանը: 

Արդյո՞ք այսօր Հայաստանի պարագայում կարող ենք կոլեկտիվ իմունիտետի ձևավորման մասին խոսել. հարցին ի պատասխան, Գայանե Սահակյանը նշեց, որ Հայաստանի դեպքում հասարակության մեծ թվով հատվածի վարակման մասին խոսելը փոքր-ինչ հարաբերական է: Վերջին տվյալներով` մոտ 127 հազար վարակվածության դեպք կա արձանագրված, եթե դրան էլ գումարենք անախտանիշ դեպքերը, ապա ըստ Գայանե Սահակյանի, դա ստվար զանգված չի կազմում: Ըստ նրա՝ կոլեկտիվ իմունտիտետի մասին եթե խոսենք, ապա առնվազն  բնակչության 70-80 տոկոսը պետք է վարակված լինի:

Որքանո՞վ է մեծ կրկնակի վարակվածության ռիսկը: Գայանե Սահակյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի 5-6 կրկնակի վարակվածության նկարագրված դեպք: 

«Ամեն դեպքում այս պահի դրությամբ չկա ստանդարտ բնորոշում, թե որն է կրկնակի վարակը, որ, ըստ այդմ, առաջնորդվենք և հասկանանք, թե արդյոք մենք գործ ունենք կրկնավարկի, թե վատ բուժված և հետագայում շարունակվող գործընթացի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի այդ հստակ բնորոշումը: Ինչ վերաբերում է հակամարմինների ազդեցության ժամանակահատվածին, ապա այստեղ էլ հստակեցում չկա: Կոնկրետ չեմ կարող ասել, թե հիվանդանալուց որքան ժամանակ հետո անձի իմունիտետը բարձրագույն գագաթնակետին կլինի: Բոլոր դեպքերում ապաքինվելուց հետո առաջիկա մեկ կամ մեկ ու կես ամսվա ընթացքում հակամարմինների տոկոսը լինում է ցածր, որից հետո բարձրանում է: Թեպետ որոշ ժամանակ անց նորից դիտվում է նվազում»,-ասաց նա:    

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել