Ստեփանակերտում արդեն վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը
14:45 - 22 նոյեմբերի, 2020

Ստեփանակերտում արդեն վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը

Հրադադարի հաստատումից հետո, նոյեմբերի 22-ի դրությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը: Հաշվի առնելով բնակիչների վերադարձն ու բազմահարկերում նախորոք իրականացված ու շարունակվող ավտանգության միջոցառումները՝ հասցե առ հասցե վերականգնվում է բնական գազի մատակարարումը սպառողներին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի հավաստմամբ, այսօրերին հատկապես, ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ուժերի գերլարումով, վաղ առավոտից մինչ ուշ երեկո: Տեխնիկական ու մասնագիտական կազմը մայրաքաղաքում ու շրջաններում շարունակում են վթարավերականգնողական աշխատանքները՝ օր առաջ երկնագույն կրակը կրկին հասցնելու արցախցիների օջախներ:

Արդեն վերականգնվել է Չլդրան-Մարտակերտ բարձր ճնշման գազատարի Կաշենի մոտակայքում վթարված հատվածը, ինչի արդյունքում բնական գազը կրկին մատակարարվում է Մարտակերտ և շրջանի բնակավայրեր: Մարտունու և Մարտակերտի միջին և ցածր ճնշման գազատարներն են նորոգվում, որի ավարտին շրջկենտրոնների մի շարք թաղամասերում ու շենքերում խնդիրը հիմնավորապես կլուծվի:

Մարտակերտում առաջնահերթ բավարարվել է հիվանդանոցի, հացի արտադրամասերի և բնակչության կարիքների տեսանկյունից առաջնահերթ համարվող տնտեսական գործունեություն իրականացնողների մատակարարման պահանջը: Իսկ Մարտունիում գազ է ստանում ավելի քան 500 բաժանորդ: Մյուս շրջաններում գազամատակարումը հիմնականում վերականգնված է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել