«Տոռ 2»-ները Հայաստանում եղել են 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբերին․ Արտակ Դավթյան
14:35 - 22 նոյեմբերի, 2020

«Տոռ 2»-ները Հայաստանում եղել են 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբերին․ Արտակ Դավթյան

ՀՀ Զիված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երկու օր առաջ՝ 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման  ընթացքում, անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատվելու հարցին, նշեց՝ համարել է, որ իր պաշտոնավարման արդյունավետությունը խիստ ցածր է տվյալ պաշտոնում, և որոշել է հնարավորություն տալ ավելի լավ թեկնածուի։

Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին սկսված մարտական գործողություններին՝ Արտակ Դավթյանն ասաց, որ պատերազմը կանխատեսվում էր, և ՀՀ ԶՈՒ-ն պատրաստվում էին մարտական գործողություններին:

«Վարչապետին, Անվտանգության խորհրդին ներկայացվել են պատերազմի սցենարները, նաև ավելի լայնածավալ պատերազմի սենարները, քան սա։ Սա մեծ հաշվարկով սահմանափակվեց Արցախի տարածքով: Մենք ունեինք պլանավորված, որ ամբողջ պատերազմը ընթանար նաև Հայաստանի սահմանների ներգրավմամբ»,- ասաց նա։

Արտակ Դավթյանի խոսքով՝ պատերազմին նախապատրաստվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, այլ հարց է, թե այդ քայլերն ինչքանով են բավարարում, որ հնարավոր լինի կատարել խնդիրները: 

«Կան իրավիճակներ և պրոբլեմներ, որոնք պետք է լուծվեն երկրի ներսում օրենսդրական մակարդակով, կազմակերպչական կամ այլ իրավական ակտերով: Երկրորդ խնդիրը վերաբերում է ֆինանսական հատկացումներին (մեր ցավոտ հարցերից մեկն է). ինչքա՞ն հնարավորություն ունի պետությունը՝ գումարներ հատկացնելու ԶՈՒ-ին կամ անվտանգության համակարգին, որպեսզի լուծենք այն խնդիրները, որոնք առկա են: Երրորդ խնդիրը․ անգամ գումարի դեպքում արդյո՞ք կան պետություններ, որոնք պատրաստ են մեզ վաճառելու սպառազինություն, ռազմական տեխնիկա, և ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ գներով կարող են դա վաճառել»,- ասաց նա:

Արտակ Դավթյանը նշեց, որ այս բոլորը հարցեր են, որոնք պետք է  դիտարկել մեկ ընդհանուր համատեքստում: Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ հայկական կողմն ուզում է գնել որևէ տեսակի սպառազինություն, և նա, ումից պետք էր գնել այդ սպառազինությունը, պատասխանում է, որ մոտակա երեք տարվա ընթացքում չի կարող վաճառել դա: Դավթանը նշեց, որ խոսքը տարբեր երկրների մասին է, իսկ առաջին հերթին մենք աշխատում ենք ՌԴ-ի հետ:

«Նաև լինում է, որ սպառազինությունը ձեռք բերելիս տվյալ սպառազինությունը պատրաստելու տեխնոլոգիական ցիկլը նախատեսում է 12-ից 36 ամիս, այսինքն՝ իրենք համաձայն են վաճառեկ, բայց պետք է այդքան ժամանակ, որ գործարանը թողարկի տվյալ սպառազինությունը, ռազմական տեխնիկան»,- ասաց նա։

Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ այն լուրերին, թե խչընդոտվել է, որ Հայաստանը Չինաստանից սպառազինություն ձեռք բերի։ Դավթյան նշեց, որ ինքը նման խոչընդոտների վերաբերյալ տեղեկություններ չունի։

«Այնպես չէ, որ Չինաստանը ամեն ինչ մեզ պատրաստ էր տալու կամ տվեց, մենք էլ չվերցրինք:  Միայն տալու խնդիրը չէ․ տվյալ սպառազինությունը պետք է կարողանանք նախ համատեղել մեր սպառազինության մյուս նմուշների հետ, կարողանանք հետագայում կազմակերպել տվյալ սպառազինության սպասարկումը, վերանորոգումը, մասնագետների պատրաստումը։ Այդ բոլորը պետք է նայենք մեկ ընդհանուր համտեքստում: Եթե դրանից դուրս նայում ենք, ապա բավականին խնդիրներ ունենք: Մենք ունեցել ենք չինական մարտական մեքենա, որի վերանորոգման հետ լուրջ խնդիրներ ունեցանք, այդպես էլ չկարողացանք լուծել»,- ասաց նա՝ հավելելով, որ կարևոր է, որ սպառազինությունը կոնկրետ խնդիրների լուծման համար գնվի, ոչ թե ինքնանպատակ:

Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած այն հայտարարությանը, թե Նախջևանի կողմում մենք դեռևս 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին զիջել ենք բավականին մեծ տարածություն․ Զանգակատան հատվածում հակառակորդն առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ, բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում:

«Թիվ է հնչեցրել, որ 6 կմ հակառակորդը եկել է առաջ: Այն ժամանակ այնքան խոսվեց, որ անգամ լրատվամիջոցներին տարանք դիրքեր, ցույց տվեցինք իրավիճակը տեղում, քաղաքական, պետական գործիչներին տարանք: Եթե ես 5-րդ կորպուսի հրամանատարն էի, ինքը (Մովսես Հակոբյանը- խմբ․) Գլխավոր շտաբի պետ էր, ինչո՞ւ ինքը որոշում չկայացրեց, որ մենք գնանք առաջ, եթե ասում է, որ միայն Ադրբեջանը եկավ առաջ: Իր որոշմամբ պետք է լիներ»,- ասաց նա։

Դավթյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը որևէ հենակետ, դիրք չի զիջել, անգամ 1 մետր հետ չի եկել։

«Եթե կորպուսի հրամանատարն ընդունում է որևէ որոշում, այդ որոշումը պետք է հաստատի վերադասը։ Իմ վերադասը ԳՇ պետն էր (Մովսես Հակոբյանը- խմբ․): Ինքը երեկ որ հնչեցրեց, որ չի իմացել դրանց մասին, հետո է իմացել, չասեմ՝ ստում է, ասեմ` չի տիրապետում կամ չի հիշում՝ ինչ է խոսում, կամ ճիշտ չի ներկայացնում»,- նշեց նա։

Արտակ Դավթյանը նաև անդրադարձավ Մովսես Հակոբյանի՝ սպառազինությունների ձեռքբերման մասին հայտարարություններին։ Դավթյանը նշեց, որ 2018-2024 թթ․ ԶՈՒ արդիականացման ծրագիրը կազմվել է դեռևս 2017-ին: Այդ ժամանակ ինքը եղել է օպերատիվ վարչության պետ և հիմնական կոորդինացնողը: 

«Որոշվեցին առաջնությունները՝ ինչ օետք է գնենք 200 մլնի շրջանակներում: Պայմանագրերը կնքեցինք, և այլևս կնքված պայմանագրի փոփոխություն չի կատարվել ո՛չ այն ժամանակ, ո՛չ իմ օրոք, ո՛չ էլ հիմա: Ես փորձեցի մեկ նմուշի առումով կատարել փոփոխություն, որն ուղղակի իրավական տեսակետից հնարավոր չէր իրականացնել․ խոսքը «Իսկանդերի» հրթիռների խնդրին է վերաբերում: Որևէ փոփոխություն չի եղել և չէր կարող լինել, քանի որ երկկողմանի էր, փոփոխությունը պետք է կատարվեր նաև գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ»,- ասաց նա։

Արտակ Դավթյանը նաև հայտնեց, որ «Տոռ 2»-ները Հայաստանում եղել են 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբերին: Մինչև 2019 թվականը դրանք Հայաստանում չեն եղել, սակայն ձեռ են բերվել մինչև 2018-ը կնքված պայմանագրով։

«Երեկ հնչեցվեց` 2017 թ. «Տոռ» ենք ունեցել․ 2017 թվականին մենք «Տոռ» չենք ունեցել: Եթե ներկայիս իշխանությունները չլինեին մի քիչ նախաձեռնողական կամ ավելի շահագրգիռ, մենք «Տոռ 2»-ների վերջին կոմպոնենտները կստանայինք 2020 թվականի վերջում, ինչպես նախատեսված էր։ Արագացրել են (ներկայիս իշխանությունները- խմբ․)»,- ասաց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել