tert.am: Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաջադրանքների լուծմանը՝ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայամավորվածությունների հիման վրա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք գնահատում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևողականորեն շեշտում է  տարածաշրջանում հաշտեցման խնդրի իրագործումը, որում, մեր խորին համոզմամբ, կայանում է հետագա աշխատանքների ողջ իմաստը, եթե մտածենք բացառապես միայն մարդկանց մասին, այլ ոչ թե որևէ այլ շահերի»,- ասել է Լավրովն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորման գործին միջազգային կազմակերպություններին ներգրավելու անհրաժեշտությունը:   

«Մենք մեր խաղաղապահների միջոցով ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև հայկական կողմի մասնակցությամբ ակտիվ կերպով համաձայնեցնում ենք հումանիտար առաջադրանքների կարգավորումը՝ ի շահ վերադարձող բնակչության: Դա և՛ քաղաքացիական ենթակառուցվածքների կարգավորումն է, և՛ տրանսպորտային ու տնտեսական ապաշրջափակման համար անհրաժեշտ բոլոր հաղորդակցությունների կազմակերպումը: Եվ անկասկած հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Ռուսաստանի հետ միասին երկար տարիներ ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ առաջադրանքների լուծմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: