Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով այսօր շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը հասել է Ստեփանակերտ:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին ընդունել են օգնության առաջին խմբաքանակը, որպեսզի շինարարները տեղափոխեն շինհրապարակներ և առաջիկայում սկսեն վերականգնման աշխատանքները:
ՌԴ-ից ստացված օգնությունը (շինանյութ, ապակի, թիթեղ, փայտանյութ) պահեստավորվել է Արցախի քաղաքաշինության նախարարության պահեստում:
Կարեն Սարգսյանը ՌԴ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար, կարևորել յուրաքանչյուրի օգնությունը՝ հետպատերազմական շրջանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարդասիրական բեռով բեռնված ՌԴ ԱԻՆ-ի երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից շարժվել է դեպի Ստեփանակերտ։
comment.count (0)