hetq.am: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած պատերազմից հետո Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն ընդունել է շուրջ 200 զինծառայողի՝ մատուցելով ստացիոնար, ամբուլատոր և արտագնա ծառայություններ: Վերջինիս դեպքում մասնագետն այցելում է բուժում ստացող զինծառայողին և տեղում գնահատում վիրավորի առողջական վիճակը, վերականգնման հավանականությունը: 

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ինչքան վաղ է սկսվում վերականգնողական բուժումը, այնքան մեծանում է արդյունավետությունը: Սակայն, կենտրոնը կանգնած է լուրջ դժվարությունների առաջ: Օրեցօր ավելանում է վերականգնողական բուժման կարիք ունեցողների թիվը, սակայն դրան զուգընթաց, չկա պետական աջակցություն կամ այն ուշանում է:

Կենտրոնը շահույթ չի հետապնդում և զինվորների բուժումն իրականացնում է ինքնարժեքով: 

«Շուրջ մեկ ամիս է՝ բանակցություններ են ընթանում Մենք սպասեցինք, որպեսզի պատերազմն ավարտվի, աշխատանքները շարունակեցինք նվիրատվությունների հիման վրա, որովհետև հասկանում էինք, որ այդ փուլում  պետք չէր պետության ուշադրությունը շեղել այլ ուղղության վրա և ռեսուրսը վատնել: Մինչ պատերազմի ավարտը, դրանից հետո էլ Առողջապահության նախարարությունում եղել են քննարկումներ, ներկայացրել ենք շուրջ 63 ծառայությունները, որոնց համար ֆինանսավորում է պետք: Նախարարությունից անընդհատ ասել են, որ կքննարկեն, սակայն որևէ վերջնական պատասխան չեն տվել, նույնն էլ Պաշտպանության նախարարությունից»,-ասում է Հայկուհի Մինասյանը:

Տնօրենի խոսքերով՝ իրենց կենտրոնում զինծառայողների վերականգնողական բուժման ամբողջ հոգսն իր վրա է վերցրել հասարակությունը:  Հայկուհի Մինասյանը նշեց, որ կենտրոնին ֆինանսավորել է «Իմ քայլը» հիմնադրամը, ինչի շնորհիվ մի քանի ամիս անց մեծացնելու են տարածքը՝ ունենալով 70-ից ավել մահճակալ, նոր սարքավորումներ: Սակայն, պետական մարմիններից որևէ մեկը պետպատվեր տրամադրելու հարցում նախաձեռնողականություն չի ցուցաբերել:

Հայկուհի Մինասյանն ասում է, որ եթե պետական աջակցություն չլինի, հասարակությունը չի կարողանա անընդհատ և տարիներ շարունակ իր վրա վեցնել ծանր բեռը: Նրա խոսքերով՝ մարդիկ մտածում են, որ իրենք հարկեր են վճարում և այդ վճարած հարկերից պետք է պետական պատվերի շրջանակում գումար հատկացվի վիրավոր զինծառայողների բուժման համար: Մինչդեռ պետական մարմինները հապաղում են:

 

 

«Վստահ եմ, որ հասարակությունը կկանգնի մեր կողքին՝ բուժել զինվորներին և կմիանա մեզ՝ այն պայքարին, որը կմղվի հանուն վիրավոր զինվորների խնդրի լուծման, եթե, իհարկե, բանը հասնի դրան»,-ասում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրենը:

Հայկուհի Մինասյանն ասաց, որ Առողջապահության նախարարությանը ներկայացրել են ծախսերի նախահաշիվ: Ըստ դրա՝ ինչքան մեծանում է պետպատվերի բյուջեն, այնքան իջնում է ծառայությունների ինքնարժեքը: Օրինակ, 100 մլն դրամ պետպատվերի դեպքում, մեկ զինծառայողի հաշվով, օրական ծախսը կկազմի 24 հազար դրամ, 200-400 մլն դրամի դեպքում՝ մինչև 12-14  հազար դրամ:

Կենտրոնը Առողջապահության նախարարությանն առաջարկել է ծանր վիրավորում ստացածների վերականգնողական բուժման ամբողջ ծանրությունը վերցնել իրենց վրա՝ չուշացնելով բուժումը: 

Հայկուհի Մինասյանն ասաց, որ ծանր վիրավորում ստացածներին տրամադրվում են անհատական բուժքույրեր, որպեսզի ընտանիքի անդամների կյանքի բնականոն ընթացքը չխախտվի, նրանք շարունակեն աշխատել, չունենալ դժվարություն՝ իրենց վիրավոր որդու, ամուսնու խնամքով զբաղվելու հարցում: Բուժվողները կենտրոնում չեն գնում ոչ մի դեղորայք, խնամքի պարագա: Բուժմանը զուգահեռ մասնակցում են ուսումնական ծրագրերին, որպեսզի հետ չմնան առօրյայից, շուկայից: 

«Ծանր վիրավորում ստացած զինվորները դեռ բաժանմունքներից դուրս չեն եկել: Նրանց վերականգնողական աշխատանքները սկսվելու են առաջիկայում: Մարդ ինչպես պետք է պատրաստվի պատերազմին, այնպես էլ պետք է պատրաստ լինի պատերազմից հետո՝ ունենալով առողջապահական լուրջ ծրագիր: Պետությանը նույնիսկ առաջարկել են դրամաշնորհային կարգով աշխատել, քանի որ շահույթ չենք հետապնդում:  Այդ դեպքում 100%-ով կարող են տեսնել կատարված ծախսերը, որը գնում է աշխատավարձերի վճարմանը, զինվորների բուժմանը: Բոլոր տարբերակներն առաջարկել ենք, դեռ որևէ պատասխան չենք ստացել»,-ասում է Հայկուհի Մինասյանը:

 

 

Կենտրոնի տնօրենը մտավախություն ունի, որ զինծառայողների մոտ կարող է ի հայտ գալ «վիետնամական սինդրոմ»: Հայկուհի Մինասյանն ասում է, որ Հայաստանում սպասելի չէր, որ պատերազմում պարտություն ենք կրելու: Մարդիկ իրենց առողջությունն են կորցրել, ունեն հաշմանդամություն, դրանից հետո եթե չստանան որակյալ և հասանելի բուժօգնություն, ապա շատ լուրջ ցնցում և դժգոհություն կսկսվի հասարակության ներսում, ինչը պետք է թույլ չտալ: Նրա խոսքերով՝ կա ճանապարհային քարտեզ այդ ամենը կանխելու համար, մնում է ստանալ պետության աջակցությունը:

Շարունակությունը՝ hetq.am-ում