Նոյեմբերի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտաքին գործերի նախարար է նշանակվել Արա Այվազյանը: Նշանակումից մեկ օր անց «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի ռուսերեն հարթակում հայտնվել է Արա Այվազյանի վերաբերյալ կենսագրական էջ, ըստ որի՝ նա ծնվել է Ադրբեջանի հանրապետությունում, եւ որ հայրը ազգությամբ Ադրբեջանցի է: էջը ջնջվել է, սակայն հանրության շրջանում որոշակի կասկածներ են առաջացել նյութի իսկության վերաբերյալ:

Նախ նշենք, որ, ըստ պաշտոնական կենսագրության, Արա Այվազյանը ծնվել է Երեւանում՝ 1969 թվականին:  

Բացի այս, աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, հասանելիություն ունենալով համացանցին, կարող է խմբագրել, սրբագրել կամ վավերացնել «Վիքիպեդիայի» հոդվածները և ցանկացած թեմայով նոր հոդվածներ գրել: Հետեւաբար, այս հարթակում հայտնված ցանկացած նյութ չէ, որի իսկությունը վստահելի է։

Արա Այվազյանի կենսագրական տվյալների վերաբերյալ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում կեղծ տեղեկություն է մուտքագրել ոմն Էլսեվեր Նովրուզով, որն ազգությամբ Ադրբեջանցի է:

Մուտքագրված տեղեկությունը տարածվել է մինչեւ դրա իսկության ստուգումը, իսկ ինֆորմացիայի անճշտությունը հայտնաբերվելուց հետո էջը հեռացվել է:

Վերոնշյալ նկարից երեւում է, որ Էլսեվեր Նովրուզովը էջը խմբագրել է 4 անգամ: Առաջին անգամ «Министерство иностранных дел Армении»

էջը խմբագրվել է նոյեմբերի 19-ին՝ ժամը 08:17-ին, Զոհրաբ Մնացականյան տողից հետո ավելացվել է Արա Այվազյան տողը: Սրանից հետո խմբագրվել է 08:28-ին եւ 08:30-ին:

Այս խմբագրումներով ավելացվել է այն կեղծիքը, թե 2020 թվականի նոյեմբերից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արա Գուդրատովիչ Այվազյանը  ծնվել է Ադրբեջանի Հավիգաբուլի շրջանի Նավախի գյուղում: Ուսում է ստացել Բաքվի պետական ​​համալսարանում:

Այս ամենից հետո Նովրուզովը եւս մեկ անգամ է խմբագրել էջը՝ ժամը 09:57-ին՝ ավելացնելով, իբր Այվազյանի հայրը եւ մայրը նույնպես ադրբեջանցիներ են:

Արա Այվազյանի կենսագրությանը, նրա կրթությանն ու գործունեությանն առավել մանամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Նարեկ Մարտիրոսյան