ՄԻՊ-ը Հայաստանում ՌԴ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինուժի վայրագությունները
12:29 - 21 նոյեմբերի, 2020

ՄԻՊ-ը Հայաստանում ՌԴ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինուժի վայրագությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:

Պաշտպանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումները, ինչպես նաև այն համակարգված հայատյացությունը, որ Ադրբեջանում ունի պետական աջակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները: Արման Թաթոյանը դեսպան Կոպիրկինին ներկայացրել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, երբ փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր եղավ միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում, արձանագրել հաջողված ու բացառիկ այլ դեպքեր:

Ռուսաստանի Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր մակարդակի հարաբերությունների շնորհիվ Մոսկվայում իրականացվել է ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված էր ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, ու դրանից հետո այն դարձավ միջազգային լավագույն փորձ, որ հիմա օրինակ է բերվում միջազգային հարթակներում:

ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել