Կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը |armenpress.am|
10:48 - 21 նոյեմբերի, 2020

Կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը |armenpress.am|

armenpress.am: Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այն ներկայացվել է սենատորներ Բրունո Ռետայոյի, Պատրիկոի Մաննեի, Էրվե Մարսելի, Ալիան Աղասսիի եւ Գիլյոմ Գոնտարդի կողմից:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը: «Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի բանաձեւի նախագիծը, որը Ֆրանսիային առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր էջում:

Ավելի ուշ Ռետայոն զարգացրել է այդ թեման «Sud-Radio»-ին տված հարցազրույցում. «Սա առաջին անգամ է տեղի ունենում: Գործնականում 20 տարի առաջ աշխարհի բոլոր ժողովուրդներից առաջինը Ֆրանսիան ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Անկասկած է, որ նոյեմբերի 25-ին Սենատում մենք առաջին անգամ կքվեարկենք նախագծի համար, որը դատապարտում է Էրդողանի գործողությունները, ինչպես նաեւ կպահանջենք Լեռնային Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել: Սակայն առաջին հերթին մենք կխնդրենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Չորեքշաբթի երեկոյան Փարիզի խորհրդի որոշմամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն հանդես է եկել նույնպիսի պահանջով. «Փարիզի խորհուրդը քվեարկել է մի շարք միջոցառումների օգտին՝ հակամարտության մի քանի շաբաթից հետո Լեռնային Ղարաբաղի տուժած հայերին օգնություն ցուցաբերելու համար՝ ցանկություն հայտնելով ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- բացատրել է նա:

Անուրանալի է արժեքների պահպանության գործում Ֆրանսիայի ներդրումը: Այդ երկրի մեծ թվով մտավորականներ արդեն դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Արցախի մշակութային եւ կրոնական ժառանգությունը պահպանելու համար: Արցախի ճանաչումը, սակայն, այն եզակի հնարավորություններից մեկն է, որի դեպքում հայկական արժեհամակարգի պաշտպանությունը կդրվի իրավական հիմքի վրա, եւ հայ մարդը կամրանա իր հողի վրա:

Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ի պատասխան Էմանուել Մակրոնի՝ իր իսկ երկրում ազգային քաղաքականության որոշակի միջոցառումների անցկացման վերաբերյալ որոշման, հանկարծ սկսեց վայրահաչությունն ու ողջ աշխարհի մահմեդականներին ուղղորդեց Ֆրանսիայի նախագահի դեմ, հասկանալի դարձավ, որ, ըստ էության, բացահայտվել է եվրոպական աշխարհամասի նկատմամբ թուրքական գաղտնի պլանը: Սա վկայում է ոչ թե այն մասին, որ Թուրքիան, իբր, պաշտպանում է մահմեդականներին (Ֆրանսիայում նրանք ավելի լավ են պաշտպանվել պետության կողմից), այլ ազդարարում է ի լուր ողջ աշխարհի, որ թուրք առաջնորդը մահմեդական ինչ-ինչ շրջանակների միջոցով ծրագրում է գրավել Հին աշխարհամասը եւ, հավատարիմ իր իսկ խառնվածքին, գենոցիդ իրականացնել եվրոպական ժողովուրդների նկատմամբ: Եթե Եվրոպայում մարդիկ այս գիտակցումն ունեն, բացառված չէ, որ կգնան համապատասխան քայլերի՝ Էրդողանին իրենց սահմաններից հեռու պահելու համար: Եվ այդ քայլերից մեկը կարող է լինել Արցախի Հանրապետության ճանաչումը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել