Դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանը  կդադարեցվի․ՇՄ նախարար
21:02 - 20 նոյեմբերի, 2020

Դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանը կդադարեցվի․ՇՄ նախարար

Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել «Սևան» ազգային պարկ» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղեր։
 
«Սևան» ազգային պարկում»նախարարն  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ։
 
Քննարկվել են սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի հետ կապված մի շարք կազմակերպչական ու ընթացիկ հարցեր։
 
«Սևան» ազգային պարկի» ղեկավար անձնակազմին հստակ հանձնարարականներ են տրվել հանդիպում-քննարկումներ կազմակերպել ձկնորսների և ափամերձ համայնքների բնակիչների հետ, որպեսզի արդյունագործական որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։
 
«Վստահեցնում եմ, որ հաշվի կառնվեն մեր հայրենակիցների բոլոր մտահոգությունները, դրանց լուծումներ գտնելու նպատակով կկազմակերպվեն քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում։
Այս կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման մասով արձանագրել տեսանելի առաջընթաց»,-նշել է նախարարը։
 
Հետո նախարարն այցելել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղեր, աշխատանքային խորհրդակցություններ անցկացրել աշխատակազմի հետ, ապա ստուգայցեր կատարել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերահսկողության և տնօրինման ներքո գտնվող օրինական հատատեղիներ։
 
Քննարկվել են հնարավոր անօրինական անտառհատումների և փայտանյութի տեղափոխման, ՀՀ ՊՆ կարիքների բավարարման համար նախատեսված փայտանյութի, ինչպես նաև անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկ վառելափայտով ապահովելու նպատակով օրենքով սահմաված կարգով հատումների ընթացակարգերը։
 
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է՝ պետք է արվի ամեն հնարավորը, որպեսզի ջեռուցման սեզոնին անտառամերձ բնակավայրերի բնակիչներն ապահովված լինեն թափուկ վառելափայտի օրենքով սահմանված չափաքանակներով։
 
ՇՄ նախարարության համապատասխան ստորաբաժանումները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ գործընթացն անխափան կազմակերպելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել