Ադրբեջանում առաջարկել են խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները և վերանայել ՄԽ-ում Փարիզի համանախագահությունը |factor.am|
15:56 - 20 նոյեմբերի, 2020

Ադրբեջանում առաջարկել են խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները և վերանայել ՄԽ-ում Փարիզի համանախագահությունը |factor.am|

factor.am: Ադրբեջանում խորհրդարանի այսօրվա նիստում տրամադրությունները հակաֆրանսիական են եղել, ինչը կապված է, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկման հետ։ Մասնավորապես, Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հայտարարությանը շատ երկրներ են սատարել, սակայն կան նաև դժգոհողներ, իսկ Ֆրանսիային նա մեղադրել է հակամարտության սկզբից կողմնակալ վերաբերմունքի մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ֆրանսիայի Սենատում առաջարկվում է բանաձև՝ կապված Ադրբեջանի տարածքում անօրինական «կառույցի» հետ։ Թվարկված փաստերը վկայում են այն մասին, որ Ֆրանսիան կողմակալ դիրքորոշում ունի։ Միջազգային իրավունքի շրջանակում դա հակասում է  Ֆրանսիայի պարտավորություններին, իսկ միջնորդի մանդատը հիմնվում է միջազգային իրավունքի վրա»,- ասել է Գաֆարովան։

Պատգամավորներից մեկն էլ առաջարկել է ընդհանրապես խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները։ «Եթե Ֆրանսիայի Սենատը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ուրեմն պետք է խզել հարաբերությունները պաշտոնական Փարիզի հետ»,- ասել է Ֆազայիլ Աղամալին։ Նա նաև Ադրբեջանի ԱԳՆ-ին առաջարկել է հետ կանչել Ֆրանսիայում դեսպանին՝ խորհրդակցությունների համար։

Մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովն էլ Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերանայման կողմնակից է։ «Հաշվի առնելով Ֆրանսիայի վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ՝ գտնում եմ, որ նման վերաբերմունքը Մինսկի խմբի ներսում անթույլատրելի է։ Այդպիսի համանախագահությունն անընդունելի է նաև ադրբեջանական կողմից։

Ենթադրում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը պիտի լրջորեն վերլուծի Ֆրանսիայի կառավարության հետ կապերը»,- ասել է Սեյիդովը։ Մեկ այլ պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևն էլ ասել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անվստահություն ցուցաբերի Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի։

Առավել մանրամասն՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել