ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով Արցախում է
10:33 - 20 նոյեմբերի, 2020

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով Արցախում է

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում․ կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ: Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մասնավորապես՝ ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ԱՀ-ում զինված ուժերի և կայազորների զինվորական դատախազությունների գործակցության, հաստատված նոր իրադրության պայմաններում կայազորների դատախազությունների բնականոն գործունեության ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:

Վահե Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:

Քննարկվել են Արցախում ներքին հանրային բնականոն կյանքի վերականգնման, հումանիտար ճգնաժամի վերացման, արցախցիների կյանքի, տեղաշարժի և մյուս կենսական իրավունքների պաշտպանության, անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքները, այդ շրջանակներում իրավական ոլորտում համագործակցության կառուցակարգերն ու եղանակները: Անդրադարձ է կատարվել նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմին իրավական աջակցության ցուցաբերման, զինծառայողների իրավասությունների և պարտականությունների շրջանակներին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել