ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով
 |armtimes.com|
21:45 - 19 նոյեմբերի, 2020

ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների նախաձեռնությամբ  եւ ԱԺ նախագահի որոշմամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանում հաստատված ռազմական դրությունը վերացնելու հարցով:

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան նախագիծը, որի հիմնավորման բաժնում ասվում է. «Թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշում` միաժամանակ սահմանելով ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու մարմինները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով 00:00-ից, այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրվել է հայտարարություն:

Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի`

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով:

Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Խաղաղապահները մնում են 5 տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ 5 տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին:

Արդյունավետության եւ վերահսկողության համար կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն:
Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը»:

Նախագծի հիմնական զեկուցողն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել