1lurer.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ: ԵՄ փաստաթղթում մասնավորապես ասվում է՝

Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին համաձայնեցված հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ռազմական գործողությունների դադարեցումը: ԵՄ-ը բոլոր կողմերին կոչ է անում շարունակել խստորեն հարգել հրադադարի ռեժիմը` մարդկային հետագա կորուստները կանխելու նպատակով:

Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել հրադադարի ռեժիմը: ԵՄ-ն կոչ է անում նաև տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին:

Եվրամիությունն ուշադիր կհետևի հրադադարի պայմանների իրականացմանը, մասնավորապես՝ կապված մշտադիտարկման մեխանիզմի հետ:

Ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտությունն ավարտելու առաջին քայլն է: Եվրամիության հավաստմամբ՝ հակամարտության բանակցային ջանքերը պետք է վերականգնվեն համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափին` համանախագահների գլխավորությամբ: Եվրամիությունը պատրաստ է արդյունավետորեն նպաստել հակամարտության տևական և համապարփակ կարգավորման ձևավորմանը, այդ թվում՝ հնարավորության դեպքում, կայունացման, հետկոնֆլիկտային վերականգնման և վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով:

Եվրամիությունը հիշեցնում է ուժի՝ մասնավորապես կասետային զինամթերքի և հրկիզող զենքի, որպես վեճերը կարգավորելու միջոցի կիրառման վերաբերյալ իր վճռական ընդդիմության մասին: Եվրամիությունը շեշտում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի, և կողմերին կոչ է անում իրականացնել ռազմագերիների փոխանակման և աճյունների վերադարձի մասին համաձայնագրերը, որը հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում:

ԵՄ-ն ընդգծում է մարդասիրական օգնության հասանելիության և Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ տեղահանված բնակչության ինքնակամ, անվտանգ, արժանապատիվ և հաստատուն վերադարձի հնարավոր լավագույն պայմանները երաշխավորելու կարևորությունը: Ընդգծվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը: «Պետք է ուսումնասիրվի իրականացված ցանկացած պատերազմական հանցագործություն»,- նշված է հայտարարության մեջ:

Եվրամիությունն ու նրա անդամ երկրները արդեն մարդասիրական օգնություն են տրամադրում՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության անմիջական կարիքները հոգալու համար և պատրաստ են հետագայում շարունակել օգնության տրամադրումը: