Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ․ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը
17:17 - 19 նոյեմբերի, 2020

Աշոտ Մինասյանը կմնա ազատության մեջ․ դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել «Սիսական» կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Նրա պաշտպան Արամ Վարդեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիտեմ՝ բոլորս չենք վերականգնվում գեներալ-գնդապետ Հակոբյանի բացահայտումներից, բայց տեղեկացնեմ. երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ՝ պատկերացրիք ԱԱԾ և դատախազության վճռականությունը և մեր ճշմարտության, ստի և ապօրինության դեմ պայքարը: Դատարանը կալանավորման միջնորդությունը ՄԵՐԺԵՑ»։

Մեր տեղեկություններով՝ որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Աշոտ Մինասյանը մեղադրվում է իշխանության յուրացում եւ պետական գործչի սպանություն նախապատրաստելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը սկզբնապես մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Դատախազությունը նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը դատարանը մերժել էր՝ սեփական նախաձեռնությամբ այլ հիմքով ինքնաբացարկ հայտնելով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել