Հինեգրորդ օրը Արցախում արդեն 1500 հոգի փախած ունեինք, որոնք տարբեր տեղերում իզոլացվել են, որ չվերադառնան Հայասատան ու խուճապ չառաջացնեն․ Մովսես Հակոբյան
16:57 - 19 նոյեմբերի, 2020

Հինեգրորդ օրը Արցախում արդեն 1500 հոգի փախած ունեինք, որոնք տարբեր տեղերում իզոլացվել են, որ չվերադառնան Հայասատան ու խուճապ չառաջացնեն․ Մովսես Հակոբյան

Զորամասերում կամավորների համար նախատեսված որեւէ սպառազինություն եւ հանդերձանք չկա։ Նախատեսված է միայն համապատասխան զորահավաքի համալրման համար։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Գալիս են երկրի նախագահի մոտ, մի երկու ժամ պատմում են իրենց հայրենասիրության մասին, նախագահն ուղղորդում է բանակի հրամանատարի մոտ, գնում այդքան զբաղեցնում են նրան, թե ինչքան հայրենասեր են, ինչի համար են եկել։ Բանակի հրամանատարը պիտի մտածի՝ ինչ անի, որտեղից գնա բերի, հագցնի, սպառազինի, ուղարկի։ Ինչ-որ ձեւ հարցը լուծում են»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ ջոկատների մի մասին ասում են՝ դուք պիտի գնաք 5-րդ ՊՇ, ասում են՝ չէ, մենք պիտի գնանք Ասկերան կռվենք, բայց Ասկերանում զորք պետք չի։

«Մի ձեւ ուղարկում ես։ Մարդ, որը գործող անձնակազմի հետ չունի կապի համակարգ, ներդաշնակված չէ, ինչպե՞ս պիտի կռվեն։ Այդ մարդկանց մի մասը առաջին իսկ մարտի ժամանակ կոտորվում է մարտի դաշտում, մի մասը՝ խուճապահար փախչում։ Հինգերորդ օրը Արցախում արդեն 1500 հոգի փախած ունեինք, որոնք տարբեր տեղերում իզոլացվել են, որ չվերադառնան Հայասատան ու խուճապ չառաջացնեն»,- ասաց նա։

Հակոբյանը հայտնեց, որ այդ մարդկանց համար զորքից մարդիկ են կտրվել, որպեսզի նրանց պահեն։

«Դրանք կերակրվել են բանակի զինվորների սնունդով, եւ մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը, տարբեր զինվորականներ դրանց հետ բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի վերադարձնեն բանակի շարքերը։ Ովքեր են եղել փախածները․ նրանց մի մասի սկիզբը դրել են կամավորականները, իսկ այնտեղ չես կարող տարբերել կամավորականը, կցագրված անձնակազմը։ Պատերազմի ժամանակ հրամանատարը նայում է ոչ թե դեպի թիկունք, այլ դեպի առաջ։ Ում հարցնում ես՝ էդ պահին բոլորը կամավորական են, բայց ես վստահ եմ, որ նրանց մեծ մասը կամավորական չեն»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ մենք անհաջողություն ենք ունեցել եւ՛ աջ թեւում, եւ՛ ձախ թեւում։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ Արցախի ՊԲ-ն լրահամալրումն իրականացնում է՝ ըստ պաշտպանական շրջանների։

«Ընդ որում՝ այնպես է բաժանված, որպեսզի կցագրված անձնակազմի հիսուն տոկոսը լինի ՀՀ-ից, հիսուն տոկոսը՝ Արցախից։ Աջ թեւում ենք ունեցել խնդիր, որտեղ չունենք բնակչություն, եւ նույնը՝ ձախ թեւում։ Եթե նայում ենք, մենք մինչեւ երրորդ օրը որեւէ զիջում չենք ունեցել։ Բանակը, որը կանգնած է եղել առաջին գծում, իր խրամատից դուրս չի եկել՝ մինչեւ մարտունակությունը կորցնելը, մարտնչել են մինչեւ վերջ։ Մենք չենք ունեցել մարդիկ, որոնք պիտի լրահամալրեին վերջիններիս տեղերը, չենք ունեցել փոխարինող ստորաբաժանումներ, եւ հակառակորդը մխրճվել է։ Սա մի պրոբլեմ, թե լրահամալրում չկատարելն ինչի է բերել մեզ»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել