Մովսես Հակոբյանի պնդմամբ՝ մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ համալրվել, այնինչ պիտի արվեր հակառակը
16:25 - 19 նոյեմբերի, 2020

Մովսես Հակոբյանի պնդմամբ՝ մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ համալրվել, այնինչ պիտի արվեր հակառակը

ԶՈՒ բարեփոխումների պլան ունենք, սպառազինության, ռազմական տեխնիկայի արդիականացման պլան ունենք։ Երկուսը զուգահեռ կազմվել են 2018-23 թվականների համար, իմ՝ ԳՇ պետ եղած ժամանակ, այնուհետեւ նոր ԳՇ պետն ու պաշտպանության նախարարը դրանց մեջ փոփոխություններ են մտցրել: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

«Զինված ուժերի կատարելագործման պլանին կանդրադառնամ, որի մեջ ներառվում է նաեւ ԶՈՒ օպտիմալացումը, դա կրճատում չէ։ Դրա մի մասը ես կատարել եմ իմ ծառայության ժամանակ, մի մասը դեռեւս պիտի կատարվի, եւ էդ պլանը ենթարկվել է փոփոխության՝ հակառակ ուղղությամբ։ Կա մարտավարական օղակ՝ կռվողները, եւ օպերատիվ օղակ՝ թուղթ գրողները՝ որոշումներ կայացնողները եւ այլն։ Իմ պլանի մեջ գրված է եղել՝ այդ կառույցները կրճատել, ավելացնել մարտավարական օղակում, որտեղ մարդիկ են անհրաժեշտ կռվելու համար։ Փոխվել է ուղիղ հակառակը․ մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացել»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ 2018-ի մայիսից հետո ԳՇ-ի եւ նախարարության օպերատիվ օղակի անձնակազմի թվաքանակը համարյա կրկնապատկվել է, ավելացել է 98 տոկոսով։ Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով։

«Կրճատել են հինգ գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով՝ բացի զինվորներից, որովհետեւ մեր զինվորների քանակը քիչ էր, չէր բավարարում։ Մենք օպտիմալացման շրջանակում մեր զինվորներին տարանք այնտեղ, որտեղ ավելի կարեւոր է, կոնկրետ՝ ՊԲ»,- ասաց նա։

Մովսես Հակոբյանի խոսքով՝ այդ զորամասերը պատերազմի ժամանակ պիտի լրահամալրվեին, ներդաշնակվեին, փոխարինեին այն զորամասերին, որոնց մի մասը կոնկրետ 2-րդ էշելոնում խնդիր ուներ (2-րդ էշելոնը առաջինը կանգնած զորամասերի թիկունքում 4 կմ խորության վրա է), մի մասը մնար որպես ռեզերվ, որպեսզի հակառակորդի՝ այլ տեղերից մխրճումները փակեր ու կանգնեցներ։

«Դրանից զատ՝ Արցախի բոլոր պաշտպանական շրջաններում պիտի ձեւավորվեր եւս մեկ գումարտակ, կրճատվել է։ Սկզբում մեկ վաշտ էլ է կրճատվել, այնուհետեւ իմ պնդմամբ վեր են ածել դասակների, բոլոր վաշտերում կրճատվել է մեկական դասակ, եւ այսպես շարունակ։ Սա բերել է այսօրվա իրավիճակին»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել