Պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո նվիրատվությունների հոսքը դանդաղել է․ Հայկակ Արշամյան |hetq.am|
14:29 - 19 նոյեմբերի, 2020

Պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո նվիրատվությունների հոսքը դանդաղել է․ Հայկակ Արշամյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ը սեպտեմբերի 27-ին սկսեց համազգային դրամահավաք-արշավ՝ ի աջակցություն Արցախի։ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքի շրջանակում արդեն իսկ հավաքվել է 170 միլիոն դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը լրագրողների հետ այսօր՝ նոյեմբերի 19-ին կայացած հանդիպմանը ներկայացրեց դրամահավաքի արդյունքում կատարված ծախսերն ու օգնության հատկացման հիմնական ուղղությունները։

Պարոն Արշամյան, երեկ Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ հիմնադրամը Կառավարությանը որպես նվիրատվություն գումար է հատկացրել։ Որքա՞ն գումար է նվիրաբերվել Կառավարությանը և ի՞նչ նպատակով։

Մեր հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել հավաքագրված գումարի մի մասը փոխանցել Կառավարությանը՝ գնումների գործընթացն ավելի արագ և օպտիմալ կատարելու համար։ Ի դեպ, հոգաբարձուների խորհուրդը, որը ներառում է ոչ միայն պետական այրերին, այլև Սփյուռքի կազմակերպություններին, բարերարներին, որևէ մեկը դեմ չի քվեարկել։ Իսկ Կառավարությանն այդ հատկացումը կատարվել է հոկտեմբերին՝ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում։

Եկեք այս պահին գումարի չափի մասին չխոսենք, մինչեւ հիմնադրամն աուդիտ չանցնի։ Այս դրամահավաքը տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի կառավարությունների խնդրանքով նաև։ Հիմադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, և պատերազմի այդ պահին շատ էին պահանջները, գնումների կարիքները, հիմնադրամն այդքան մեծ չափի գնումների գործընթացում մտնելու հնարավորություն չուներ։ Կամ էլ պետք է դառնար մեծ նախարարություն՝ հարյուրավոր աշխատակիցներով, ովքեր կսկսեին այդ ծավալի գնումներ կազմակերպել։ Բայց ժամանակի հարց էր նաև, մենք չէինք հասցնելու, քանի որ եթե պետք է ռենտգեն ապարատներ, շտապ օգնության մեքենաներ, որով պետք է շտապ վիրավորներ տեղափոխվեին, վիրահատվեին, անհնար էր դա մեր միջոցներով արագ կազմակերպել։

Իսկ ռազմական դրության պայմաններում մեկ անձից գնումները պետությունն ավելի կազմակերպված է անում։ Այդ իսկ պատճառով մենք պատվիրակել ենք Հայաստանի կառավարությանը, օժանդակություն ենք տվել, համաձայնեցրել ենք բոլոր ծախսերը, որոնք պետք է կատարվեն այդ գումարների շրջանակներում։ 

Ի՞նչ բնույթի գնումներ են կատարվել Կառավարությանը փոխանցված գումարով։

Կատարվել են փախստականների հետ կապված ամբողջ գործընթացը, առողջապահական ծախսեր։ Պատկերացրեք, առողջապահական համակարգից պետությունը պետք է պատերազմի համար որոշակի գումար կտրեր, տաներ ուրիշ կարիքների համար։ Բայց քանի որ հիմնադրամը գումար է տվել պետությանը, պետությունը կարողացել է այդ համակարգերը պահել։ 

Երբ Ֆինանսների նախարարությունը մեզ կներկայացնի մեր հատկացրած գումարից կատարված գնումների հաշվետվությունը, այն կհրապարակենք մեր կայքում, բոլորը կտեսնեն, որ հիմնադրամին տրամադրված միջոցներից չի տրվել պարգևավճար, աշխատավարձ։ Այս խոսակցությունները պարզապես սովորական մանիպուլյացիաներ են։

 

 

Նոյեմբերի 9-ին ստորագրված պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո ինչպի՞սի իրավիճակ է նվիրատվությունների առումով։

Այո՛, կան հուսախաբումներ։ Ստորագրությունից հետո շատ դանդաղեցին նվիրատվությունների հոսքերը, և բոլորն էլ շոկի մեջ էին։

Այս պահին հիմնադրամին փոխանված գումարից որքա՞նն է ծախսվել։

Ես այդ գումարների չափը չեմ կարող ասել, բայց այդ գումարի շատ լուրջ մի հատված ունենք դեռ մեր հաշիվներին։ Նաև մեր տեղական մարմինները հիմա էլ շարունակում են իրենց դրամահավաքները և իրենց հաշվիներին էլ բավականին գումար ունեն։ Մեր առցանց նվիրատվությունները շարունակվում են։ Իհարկե, պակասել են։ Պակասել են ոչ թե պատերազմի ավարտի հետևանքով, մինչ դա էր։ Քանի որ դրահամավաքն այնպիսի պրոցես է, որ չի կարող հավերժ գնալ. ունի սկիզբ, պիկ, անկում և կախված նրանից, թե ինչպես ես ներկայացնում քո ծրագրերն ու նպատակները հանրությանը, նորից վերելք։ Կարծում եմ՝ շատ տրամաբանական է դրամահավաքի դանդաղելու և արագանալու պրոցեսը։ 

Նշեմ, որ մենք մոտավորապես գիտենք, որ Միացյալ Նահանգներում առնվազն 250 հազար մարդ է մասնակցել դրամահավաքին, նույնքան էլ Հայաստանում։ SMS հաղորդագրություններն էլ եթե հաշվենք, Հայաստանում պրակտիկորեն չափահաս բնակչությունը ներգրավված է եղել այս դրամահավաքին։ Ասեմ կարևոր մի փաստ՝ հավաքագրված 170 միլիոնից շատ լուրջ հատվածը՝ 60-70 միլիոն դոլարը, հավաքագրվել է Հայաստանում։

Այդ դեպքում կմանրամասնե՞ք՝ հիմնադրամը հիմնականում ի՞նչ նպատակով է ծախսել իրեն փոխանցված գումարները։

Շատ մեծաքանակ գնումներ են կատարվել՝ դիզելային գեներատորներ, շտապ օգնության մեքենաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության պարագաներ, կենցաղային առաջին անհրաժեշտության իրեր, մահճակալներ, վառարաններ, գազօջախներ, մարտկոցներ, լամպեր։ Նաև՝ շարժական լիցքավորման կայաններ են պատրաստել, որը նաև արևային էներգիայով է սնվում։ Հիմա Արցախի կառավարությունից նորից գեներատորներ գնելու պատվեր ունենք, քանի որ եթե գնենք մեծ դիզելային գեներատորներ, կարող ենք մինչ 100 տան հոսանք մատակարարենք։ Դրա կարիքը իսկապես կա, քանի որ Արցախում ենթակառուցվածքներն ամբողջովին վնասված են։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել