ԿԳՄՍ նախարարն այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն
19:34 - 18 նոյեմբերի, 2020

ԿԳՄՍ նախարարն այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարին ներկայացվել են մշակութային հաստատություններում իրականացված և ընթացիկ շինարարական և այլ բնույթի աշխատանքները։

Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշել է, որ մեկ տարում թատրոնում կատարված աշխատանքները երևում են մուտքից սկսած։ Տնօրենի ներկայացմամբ՝ առաջին հարկը ամբողջովին վերանորոգվել է, հետնամասի դռները և վերելակները փոխվել են։ Թատրոնը կլինի 1-4-րդ հարկերում. 3-րդ և 4-րդ հարկերում կտեղակայվեն վարչական և գեղարվեստական մասերը, 2-րդ հարկում դահլիճն ու սպասասրահն են։ Սրահը հանդիսատեսի համար նախատեսված է նաև որպես սպասասրահ, որը հնարավոր է օգտագործել մամուլի ասուլիսներ կազմակերպելու, ֆիլմերի, հոլովակների պրեմիերաներ ցուցադրելու համար: Հինգերորդ հարկը նույնպես ամբողջությամբ վերանորոգվել է և անվանվել կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի անունով։ Առաջիկայում դահլիճում կվերանորոգվի հատակը, կապահովվեն ձայնային լուծումները, կտեղադրվեն նստարանները:

 

Խոսելով ապագայի ծրագրերի մասին` տնօրենն ասել է, որ մտադիր են թատրոնը վերածել «երաժշտական Թումոյի»։

Այնուհետև, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ, այցելել է Կամերային երաժշտության ազգային կենտրոն: Նրանք շրջել են կենտրոնի տարածքով և ծանոթացել բարելավմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը ներկայացրել է փորձասենյակների, աշխատասենյակների, սանհանգույցների վերանորոգման, տեխնիկական վերազինման և իրականացված մյուս աշխատանքները։ Ծավալուն շինարարությունն իրականացվել է գործընկեր կազմակերպության աջակցությամբ և կենտրոնի աշխատակիցների ջանքերով: Տեղում բարձրացվել է նաև շինության կաթսայատան խողովակաշարի ամբողջական նորոգման հարցը: Արայիկ Հարությունյանին ներկայացվել է նաև ճապոնական դրամաշնորհով ձեռք բերված երաժշտական գործիքը՝ Yamaha կլավինովան: Մինչև տարեվերջ դրամաշնորհային ծրագրով ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալով, տիմպանիներով, թմբուկներով, քսիլոֆոնով, գլյոկենշպիլով, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել