Թուրքիան գիտակցում է՝ ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունները կնշանակեն ռուս- թուրքական պատերազմ. թուրքագետ |armenpress.am|
13:45 - 18 նոյեմբերի, 2020

Թուրքիան գիտակցում է՝ ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունները կնշանակեն ռուս- թուրքական պատերազմ. թուրքագետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան գիտակցում է, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելը կնշանակի նաև ռուս-թուրքական ուղիղ պատերազմ, իսկ թուրք-ռուսական հարաբերությունները դեռևս չեն հասել լարվածության այն աստիճանի, որ կարող է հանգեցնել ուղիղ պատերազմի: 

Նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով լայն տարածում գտած լուրը, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին Իգդիրի հատվածում զորք և ռազմատրանսպորտային ավիացիա է կուտակում:

Ըստ Մելքոնյանի՝ հարցը կարելի է դիտարկել ավելի լայն՝ տարածաշրջանային զարգացումների համապատկերում. Իրանը նույնպես զորք է կուտակել սահմանին, Ռուսաստանը տարածաշրջանում մեծացնում է իր ռազմական ներկայությունը՝ Արցախ խաղաղապահների մուտքով: «Ընդ որում՝ Ռուսաստանի մուտքը սպասված և օրինական մուտք է տարածաշրջան և Արցախ: Եվ բնական է, որ Թուրքիան, որպես այս տարածաշրջանի մյուս կարևոր խաղացող, որն ունի նաև արգեսիվ նպատականեր Հարավային Կովկասի հետ կապված, պետք է դիմեր քաղաքական և ռազմական տարրին, ինչն է զորքի և զինտեխնիկայի կուտակում սահմանին»,-ասաց թուրքագետը:

Նրա կարծիքով՝ դա կարող է ունենալ մի քանի նպատակ: Մելքոնյանը ենթադրում է, որ առաջինը ուժի ցուցադրումն ու քաղաքական մեսիջն է՝ ուղղված տարածաշրջանային երկու կարևոր խաղացողներին՝ Ռուսաստանին և Իրանին: «Երկրորդ՝ փորձելու է դրանով ամրապնդել իր ագրեսիվ նկրտումները Ադրբեջանում՝ ռազմական ներկայություն ունենալու և արդեն իսկ Ադրբեջանում իր ռազմական ներկայությունը լեգիտիմացնելու առումով: Երրորդ՝ Նախիջևանի խնդիրն ունի ակտիվանալու պոտենցիալ, և չմոռանանք, որ Նախիջևանի հարցում Իրանի տեսակետները շատ կետերում իրարից էականորեն տարբեր են: Եվ զորքերի կուտակումը կարող է ունենալ նաև մեսիջի նշանակություն՝ ուղղված Իրանին: Եվ հաջորդն իհարկե Թուրքիայի ավանդական սպառնալիքն է Հայաստանի նկատմամբ»,-ասաց թուրքագետն ու հիշեց, որ Թուրքիան նման կուտակումներ արել է նաև Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայի այս քայլը կվերածվի կոնկրետ ռազմական գործողությունների՝ Մելքոնյանը նկատեց, որ Հայաստանի դեմ ռազմական ուղիղ գործողություններ սկսելը չի նշանակում միայն հայ-թուրքական պատերազմ, նշանակում է ռուս-թուրքական պատերազմ, նշանակում է ՀԱՊԿ-Թուրքիա պատերազմ, ՀԱՊԿ-ՆԱՏՕ պատերազմ: Թուրքագետն առաջարկում է իրավիճակն ավելի սառը հաշվարկել և տեսնել, թե արդյոք կա՞ ռուս-թուրքական պատերազմի կամ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու հավանականություն: «Ես կարծում եմ, որ թուրքական ցեղասպան իշխանությունները շատ լավ գիտակցում են, հաշվարկում են, որ Հայաստանի դեմ ուղիղ ռազմական գործողություններ սկսելը, դա պատերազմ է Ռուսաստանի դեմ: Եվ առկա զարգացումները, իրողությունները թույլ են տալիս ենթադրել, որ թուրք-ռուսական հարաբերությունները դեռևս չեն հասել լարվածության այն աստիճանի, որ կարող է հանգեցնել ուղիղ պատերազմի»,-նշեց նա:

 

Թուրքագետը սակայն շեշտում է, որ Թուրքիան ինքնին ապակառուցողական, ագրեսիվ պետություն է, ցանկացած պահի կարելի է դա ակնկալել: Այսպիսով որևէ բան բացառել չի կարելի, սակայն ինքն այս պահին ենթադրում է, որ Թուրքիայի այս քայլն ավելի շատ կարող է ունենալ քաղաքական մեսիջի և ուժի ցուցադրման ատրիբուտներ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել