Արցախի ՄԻՊ-ը Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհետացած10 քաղաքացիների տվյալներն ուղարկել է ԿԽՄԿ
15:49 - 17 նոյեմբերի, 2020

Արցախի ՄԻՊ-ը Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհետացած10 քաղաքացիների տվյալներն ուղարկել է ԿԽՄԿ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին Արցախի ու Հայաստանի 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը:

Արցախի ՄԻՊ գրասենյակը նշում է, որ Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ:

Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտել է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը:

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից», - ասված Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում։

ՄԻՊ գրասենյակը նաև նշում է, որ Պաշտպանը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքներն՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ ընկած հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել