Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. ԱԺ պատգամավոր |1lurer.am|
13:54 - 17 նոյեմբերի, 2020

Վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. ԱԺ պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 10-ի գիշերը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, և մյուս փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, թանկարժեք մեքենաներով՝ համարները հանած, եկել են Կառավարության շենք և, ըստ վկաների պնդման՝ իրենց հետ բերել են մի խումբ քաղաքացիների, որոնք քրեորեն պատժելի արարքներ են կատարել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ նշված երկու անձինք չեն կոտրել ոչինչ, սակայն կազմակերպել են այդ գործողությունները: Նա հույս հայտնեց, որ այդ նույն մարդիկ նույն կազմակերպվածությամբ կմեկնեն Արցախ, որտեղ կփորձեն պատուհաններ վերականգնել, որպեսզի արցախցիները չմրսեն:

Սարգսյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե իշխանությունը ձևավորում է զինված խմբեր, որոնք ինքն է ղեկավարում: 

«Կասեմ հակառակը, որ մեզ երկու տարի շարունակ մեղադրում են մեր այս թավիշային գործունեության համար։ Մեզ որևէ մեկը մինչև այս չի մեղադրել բռնի գործունեություն անելու կամ որևէ զինված խումբ կազմակերպելու համար: Մենք լուռ տանում ենք բոլոր հարվածները, բոլոր վիրավորանքները և որևէ քայլ չենք ձեռնարկում։ Վարչապետը նույնպես երեկ նշել է, որ մենք մնալու ենք միայն օրենքի սահմաններում, և բռնությունը Հայաստանում տեղ չի կարող ունենալ և չունի»,- ասաց պատգամավորը։

Սարգսյանն ընդգծեց, որ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի։ Անդրադարձավ նաև ՀՀ նախագահի երեկվա ելույթին՝ նշելով, որ ասվում է կա պահանջ, և դա լուծման ճանապարհ է, այնինչ, պատգամավորի խոսքով, հրապարակում երեկ եղել են, տարբեր հաշվարկներով՝ 2000-3000 մարդ, մինչդեռ առաջին օրը եղել է 5000։ Ասաց, որ նախագահի կոչից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին գրել, որ վարչապետին ասեն՝ հանկարծ հրաժարական չտա, և իրենք երկիրը նախկին թալանչիներին չեն թողնելու։ Ընդգծեց նաև, որ այնպիսի իրավիճակ է, որ կան հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, կորոնավիրուսով վարակված մեծ թվով բնակչություն, և այդ պայմաններում արտահերթ ընտրությունների մասին չպետք է խոսել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել