factor.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի կարող հանդիպել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ այդ երկիր պաշտոնական այցի շրջանակում՝ Թուրքիայի առաջնորդի աշխատանքային գրաֆիկի փոփոխության պատճառով։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյանները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ամերիկացի դիվանագետներին խնդրել են մեկնաբանել Էրդողանի ու Պոմպեոյի հանդիպման հնարավորությունը։

«Մենք բոլորս՝ պետքարտուղարը, թուրք պաշտոնատար անձինք, ԱԳ նախարար Չավուշօղլուն և նախագահ Էրդողանը, կցանկանայինք, որպեսզի հանդիպման մասին պայմանավորվածություններն իրականացվեն։ Վերջնական արդյունքում դա տեղի չունեցավ, քանի որ նախագահ Էրդողանի աշխատանքային գրաֆիկը փոխվել է, և այն դադարել է համապատասխանել չափանիչներին, որոնք մենք ի սկզբանե մշակել էինք պետքարտուղարի այցի համար»,- պարզաբանել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։

Ավելի վաղ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել էին, որ Պոմպեոն նոյեմբերի 13-23-ը 7 երկրներ շրջագայության ընթացքում կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար ու Սաուդյան Արաբիա։ Հավելենք, որ Ստամբուլում Պոմպեոն հանդիպելու է հույն ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդ Բարդուղիմեոս I-ի հետ։

Պոմպեոն չի նախատեսում այցելել Անկարա։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, իր հերթին, Մայք Պոմպեոյի ծրագրած հանդիպումներն անվանել է «չափազանց անհարգալից» միջամտություն։