Եթե ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է գոնե կայունություն լինի. Լենա Նազարյան |1lurer.am|
11:46 - 17 նոյեմբերի, 2020

Եթե ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է գոնե կայունություն լինի. Լենա Նազարյան |1lurer.am|

1lurer.am: Ոչ մեկը չի ժխտում, որ կառավարող ուժն է նախևառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել, ես դա ընդունում եմ, և կլինեն հետևություններ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: 

«Բայց նաև այդ պատասխանատվությունն է վարչապետին մղել ստորագրելու այդ հայտարարությունը, որով 25-30 հազար զինվորների կյանք է փրկվել, և նրանք դա գիտեն, իրենց հարազատները դա գիտեն: Այդ հայտարարությամբ է փրկվել Ստեփանակերտը, ուրեմն նաև՝ Արցախը»,- նշեց Նազարյանը: 

Նա չընդունեց, որ տեղի ունեցածը դիտարկվում է որպես 2.5 տարվա կառավարման հետևանք, և պարզունակացվում է Արցախի խնդիրը: «Սա ոչ միայն 2.5 տարվա, նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետևանք չի կարող լինել միայն, այլև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային տեղաշարժերի հետևանք, որը պետք է հաշվի առնել այս մասին խոսելիս»,- ընդգծեց փոխխոսնակը:

Նրա խոսքով՝ եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է գոնե կայունություն լինի: «Դուք չեք կարող գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ անել, մարդիկ սգի մեջ են»,- ասաց Նազարյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականին, ԱԺ փոխնախագահը նշեց. «Հայտարարության ստորագրման օրը Կառավարություն մտան մի խումբ մարդիկ, որոնք ջարդուփշուր արին կառավարության շենքը: Անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ նրանց շարքում էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Այս պայմաններում հրաժարական պահանջել հնարավոր չէ»:

Լենա Նազարյանի ելույթից հետո ԲՀԿ պատգամավորները սկսեցին տեղից խոսել՝ վստահեցնելով, որ ԲՀԿ որևէ անդամ չի մասնակցել այդ անկարգություններին, եթե մասնակցել է՝ թող իրավապահ մարմինները պարզեն:   

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց «կրքերը հանդարտեցնելու և հանգիստ աշխատանքային դաշտ վերադառնալու համար»:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել