Ղարաբաղի հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել․ Նիկոլ Փաշինյան
23:23 - 13 նոյեմբերի, 2020

Ղարաբաղի հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել․ Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա իրողություններում, թերեւս, կան նաեւ այդ պատկերացումներին համապատասխան իրողություններ, մասնավորապես ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը։ Մենք չենք խոսում Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանության միջեւ հարաբերությունների մասին, մենք խոսում ենք ԼՂ հարցում ՌԴ-ի ունեցած դիրքորոշումների մասին։ Այս պարագայում դրանք միանշանակ չեն կապակցվում»,- նշել է նա։

Վարչապետի խոսքերով՝ ՀՀ եւ ՌԴ իշխանությունների միջեւ կան, եղել են եւ կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ։ «Այս պահին մեր հարաբերությունները ՌԴ նախագահի հետ աշխատանքային են, շատ լավ»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա շեշտել է՝ Շուշին, այո՛, ընկել է, և ընկնելուց հետո Շուշին հետ ազատագրելու փորձեր են եղել՝ ավելացնելով․ «Առաջին փորձն ընդհանրապես չի ստացվել, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի եւ դիրքավորվել այնտեղ։ Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, եւ, ըստ էության, Շուշին շարունակել է մնալ ընկած»։

Փաշինյանի խոսքերով՝ շատ միֆեր կան Շուշիի հետ կապված։ «Օրինակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է, ինձ էդ օրերին լուր տվեցին, թե հիսուն հոգանոց խումբ կա այնտեղ։ Ես ինֆորմացիան տվողից կոնտակտ խնդրեցի այնտեղ գտնվողներից, փոխանցեցի զինվորականներին։ Հետագայում պարզվեց, որ այդ անձն իրականում Ստեփանակերտում է։ Տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքում էին»,- ասել է նա։ 

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ հանրությանը շուտ չհայտնեց ծանր իրավիճակի մասին, վարչապետը նշել է․ «Պետք է դիտարկենք երկու հանգամանք․ առաջինը՝ կա՞ արդյոք որեւէ հեռանկար՝ իրավիճակը փոխելու, երկրորդը՝ ո՞րն է գինը՝ կանգնեցնելու պատերազմը։ Հիմա ինչքան ցավոտ ենք բոլորս ընդունում, որ երեք տարածք պետք է վերադարձվի։ Իսկ ինչքան ցավոտ կլիներ այն իրավիճակում, երբ թե՛ ԳՇ-ի, թե՛ Արցախի քաղաքական ղեկավարության գնահատականի համաձայն՝ այդ տարածքները պահելն այլեւս հնարավոր չէ, բայց Արցախի ամբողջ տարածքը միանշանակ կորսվելու է։ Այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլեւս իմաստ չունի։ Դրանից առաջ չի եղել էդպիսի իրավիճակ, որ պայքարն իմաստ չունի։ Եւ մեր բանակը, մեր ԶՈՒ-երը, ԳՇ-ն, ՊԲ-ն, կռվել են մինչեւ վերջին վայրկյանը»։

Փաշինյանն ընդգծել է, որ այդ օրերին իրեն ասել են՝ պետք է հրատապ կանգնեցնել պատերազմը, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, բայց փորձել են մատակարարումների, ՀՕՊ-ի, եւ այլնի խնդիրը ինչ-որ ձեւով լուծել։ «Դուք պիտի ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը․ երբ ռազմաճակատում սկսել են անհաջողությունները, քաղաքական խնդիրը, որ ձեւակերպել ենք՝ բեկում մտցնել տրամաբանության մեջ։ Եւ սրա համար արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր էր։ Էս որոշումը կայացվել է էն ժամանակ, երբ անիմաստ է նման խնդիր ձեւակերպել, մենք դա արձանագրել ենք Շուշիի անկումով»,- ասել է նա։ 

Վարչապետը նշել է, որ բոլորս շատ ծանր ժամանակներ ենք ապրում, սա մեր բեռն է՝ անկախ նրանից՝ ով ինչ դերակատարում է ունեցել այս պատմության մեջ․ «Մենք պետք է էդ բեռն ազգովի կրենք, բայց մյուս կողմից էլ պիտի մտածենք մեր ապագայի մասին։ Շատ կարեւոր է, որ այս փուլում մեր, ԼՂ-ի ապագայի տեսլականը տեսնենք։ Մենք էսօր շատ հստակ ուղերձներ պիտի հղենք, որ ԼՂ հայերը պիտի վերադառնան իրենց տները՝ ապրելու, որովհետեւ Ղարաբաղի համար պայքարը սրանով չի ավարտվել»։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը, Փաշինյանն ասել է, որ դա տարածաշրջանում դառնում է ամենակաևւոր գործոններից մեկը, որ առնվազն իրենց ներկայությամբ պատերազմ չի սկսվի կամ համենայն դեպս ծավալ չի ստանա։ «Եւ նրանց ներկայության իմաստն արցախցիների կեցության անվտանգությունն ապահովելն է։ Սա է այն միջավայրը, որում պիտի վերածնվի Արցախը»,- նշել է ՀՀ վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել