ԱԱԾ-ի արձագանքը՝ Միքայել Համբարձումյանի հայտարարությանը |aravot.am|
21:26 - 13 նոյեմբերի, 2020

ԱԱԾ-ի արձագանքը՝ Միքայել Համբարձումյանի հայտարարությանը |aravot.am|

aravot.am: «Քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու կամ ճնշելու հանձնարարություն ՀՀ վարչապետի կողմից ԱԱԾ-ին երբևէ չի տրվել և ԱԱԾ-ն սահմանադրական կարգի պաշտպանության ուղղությամբ իր գործունեությունը մշտապես իրականացրել է բացառապես օրենքի շրջանակներում»,- Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից այսպես պատասխանեցին: Հետաքրքրվել էինք՝ ԱԱԾ-ն բարձրագույն քաղաքական իշխանության հրահանգո՞վ է այս օրերին ձերբակալում քաղաքական գործիչներին: Երեկ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ եւ ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, եւ հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը:

Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը եւ զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի եւս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով եւ այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր»:

ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարը նաեւ դիմել էր ԱԱԾ իր գործընկերներին՝ հորդորելով՝ ճիշտ գնահատել արդի իրավիճակը` դեմ չգնալ սեփական խղճին, գործել հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, իրենց գործառույթների շրջանակներում եւ բացառապես օրենքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել