Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, հայտնում է ԱԳՆ-ն:

Նախարարն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները` նշելով, որ այդ հայտարարությունը կոչված է ռազմական գործողությունների դադարեցմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը։

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը շարունակելու ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված արցախահայության շահերի լիարժեք հասցեագրմանը: Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Արցախի կարգավիճակի և արցախահայության անվտանգության կայուն երաշխիքների ապահովման հրամայականը: ԵՄ բարձր ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձրացրել է Արցախի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագիրը։ Նա, ըստ ԱԳՆ հաղորդագրության, որպես առաջնահերթություն ընդգծել է դրանց պահպանության առնչությամբ անհապաղ քայլերի ձեռնարկումը՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի են արժանացել մինչ այժմ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական պատմամշակութային կոթողները:

Այս առնչությամբ ԵՄ բարձր ներկայացուցիչը ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների պահպանման կարևորությունը:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և տեղում դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի, քննարկել այդ ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությունը։