Նոյեմբերի տասին կրակը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած համաձայնագիրը հանրային քննարկման տիրույթում է։ Այս օրերին այն բնորշվեց որպես կապիտուլյացիայի մասին խայտառակ մի փաստաթուղթ, որով հանձնվեցին ոչ միայն Արցախի տարածքները, այլեւ նվազեց Հայաստանի ինքնիշխանությունը։

17 ընդդիմադիր կուսակցությունները եւ Ազգային-ժողովրդավարական բեւեռը ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Փաստաթղթի էության, Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Infocom-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։

- Պարո՛ն Վարդանյան, կրակը դադարեցնելու հայտնի համաձայնագիրը տարբեր անուններով բնորոշվեց, այդ թվում՝ կապիտուլյացիա։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս փաստաթուղթը, ի՞նչ է նշանակում եւ ինչո՞ւ է ստորագրվել խիստ նեղ շրջանակի հետ քննարկմամբ։

- Ըստ էության՝ փաստաթուղթը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնություն է, որը ենթադրում է տարածքային կորուստներ։ Եւ ակնհայտ է, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել որպես վերջին միջոց` փրկելու, պահելու այն, ինչ հնարավոր է պահել այդ պահի դրությամբ։ Ակնհայտ է նաեւ, որ եռակողմ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Մինսկի խմբի շրջանակից դուրս, մինչդեռ, որպես միջնորդ Մինսկի խումբն էր զբաղվում ղարաբաղյան հարցի կարգավորմամբ:

- Կարո՞ղ ենք ասել, որ այդպիսով Մինսկի խմբի ձեւաչափը քանդվել է։ 

- Չենք կարող ասել, որ քանդվել է, բայց այստեղ ակնհայտ է, որ Մինսկի խմբի անդամներից մեկը գործել է սեպարատ (անջատ), այսինքն` առանձին ձեւաչափով։ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, կարծես, դժգոհություն ունեն, թե ինչու իրենց հետ համատեղ չի ընդունվել այդ որոշումը, ինչն, ըստ էության, ընդունեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը՝ Ռուսաստանի շահերի տեսակետից որոշակի բացատրություն տալով։ Բայց ակնհայտ է, որ այդ բացատրությունը սպառիչ չէ, եւ Մինսկի խմբի համանախագահ այլ երկրների, փորձագիտական շրջանակների համար այն չի կարող համոզիչ լինել։ Լավրովի ասածն ընդամենն այն էր, որ զուտ տեխնիկական խնդիր կա, բայց իրենք անընդհատ շփումների ու խոսակցությունների մեջ են, եւ այլն։ Իհարկե՛, մենք տեսնում էինք, որ ամբողջ պատերազմի ժամանակ Միսնկի խմբի համանախագահ երկրները տարբեր ձեւաչափերով աշխատում էին կողմերի հետ, չնայած՝ միշտ չէ, որ երեքն էլ միաժամանակ ինչ-որ հայտարարություն էին անում, նույնիսկ հակառակը` շատ հազվադեպ էր այդպես։ 

Ինչպես ասում են՝ այս խմորը շատ ջուր է քաշելու, այս համաձայնագիրը խնդրի լուծում չի պարունակում, մենք չենք կարող ասել, որ սրանով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է։

- Նիկոլ Փաշինյանն էլ երեկ իր ելույթում սա շեշտեց՝ ԼՂ հարցն ինչպես լուծված չէր, այնպես էլ հիմա լուծված չէ։ Դուք նշեցիք՝ փաստաթուղթը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին է․ չի՞ բացառվում նոր պատերազմը։

- Ի՞նչ է փաստացի կատարվել․ կողմերը պատերազմի ընթացքում մի քանի անգամ համաձայնության են եկել կրակի դադարեցման վերաբերյալ, բայց այդ համաձայնությունն Ադրբեջանը միշտ չի հարգել, միշտ, բոլոր դեպքերում, բոլոր համաձայնություններից հետո։ Եւ այն, որ հենց Ադրբեջանը չի հարգել, դա ֆիքսել են Մինսկի խմբի համանախագահ երկրների տարբեր պաշտոնյաներ։ Հիմա, փաստացի, այս համաձայնությունը ուժային կոմպոնենտով է ձեռք բերվել, այսինքն՝ կոնկրետ Ռուսաստանը որպես միջնորդ հանդես է եկել եւ ստացել է կողմերի համաձայնությունը՝ խաղաղապահ զորք մտցնելու վերաբերյալ։ Հրադադարի համաձայնագիրը, ըստ հայկական կողմերի ներկայացրածի, եղել է որպես մնացածը փրկելու միակ տարբերակը, այսինքն՝ Հայաստանն այլընտրանք չի տեսել, եւ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը, հասկանալով, որ շատ լուրջ ձեռքբերումների է հասել, գտել է, որ այստեղ կարելի է կանգնել եւ համաձայնել, որպեսզի ռուս խաղաղապահները մտնեն։ Միայն այս դեպքում են բոլորը հասկացել, որ հնարավոր է հրադադարը։ Այսինքն՝ պատերազմը հանգել էր մի իրավիճակի, որ եթե չկան խաղաղապահներ, չի կարող լինել հրադադար։

Բացի այն, որ խաղաղապահներն արդեն տեղակայվել են՝ համաձայն փաստաթղթի, իմպլեմենտացվել (կիրարկվել) է նաեւ կրակի դադարեցումը, իսկ համաձայնագրի մնացյալ կետերն իրենց բնույթով կրակի դադարեցման հետ անմիջական կապ չունեն, դրանք արդեն բանակցային գործընթացի տարրեր են պարունակում, խաղաղության հասնելու տարրեր, ԼՂ կոնֆլիկտի կարգավորման կետեր։ Խնդիրը հենց այն է, որ այդ համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակային համաձայնագրի տարրեր է պարունակում, սակայն այդպիսի համաձայանգիր նախատեսված էր ձեռքբերել Մինսկի խմբի մանդատի շրջանակներում։ 

- Այժմ բանակցություններն ի՞նչ շրջանակներում են լինելու, ի՞նչ պիտի բանակցենք մենք։ Օդում կախված է նաեւ Արցախի կարգավիճակի հարցը:

- Այս փաստաթղթի իմպլեմենտացիայի հարցերը համաձայնեցված չեն դեռ, դրանում պիտի լինեին դրույթներ, որոնք միտված կլինեին խնդրի կարգավորմանը։ Եւ եթե այդ հարցով մանդատը Մինսկի խմբին էր տրված, ուրեմն պիտի Մինսկի խումբը անի այդ եւ այլ, համաձայնագրով չնախատեսված կետերի վերաբերյալ բանակցությունները։ Հիմա հասկանալի չէ, թե ինչ ձեւաչափով պետք է այդ կետերի իմպլիմենտացիայի վերաբերյալ բանակցություններ լինեն։ Ու մենք պետք է ակնկալենք, որ մոտ ապագայում այդ հարցերը պիտի քննարկվեն ամենաբարձր մակարդակում՝ ե՛ւ համանախագահ երկրների միջեւ, ե՛ւ տարբեր ֆորմատներով։ 

Իսկ ինչ էին ենթադրում Մինսկի խմբի առաջ քաշած սկզբունքները․ այն, որ նախկին ԼՂԻՄ-ը պետք է առանձին դիտարկվի, 7 շրջաններրը, որոնք շրջապատում են նախկին ԼՂԻՄ-Ը՝ առանձին։ Հիմա ստացվել է, որ Ադրբեջանը, ուժային գործողությունների արդյունքում խախտելով Միսնկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառումը, կոնֆլիկտը փորձել է լուծել ուժային ճանապարհով։ Արդյունքում՝ ոչ միայն շրջաններն է իր վերահսկողության տակ առել, այլ նաեւ նախկին ԼՂԻՄ-ի որոշակի հատվածներ, այդ թվում՝ Շուշին, Հադրութը։ 

Կարծում եմ, որ Հայաստանն այս հարցը պետք է բարձրացնի հենց Մինսկի խմբի շրջանակներում։ Նաեւ կարգավիճակի հարցը, որովհետեւ 3 սկզբունքներ կային` տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը եւ ուժի չկիրառումը։ Հիմա, փաստորեն, ազգի ինքնորոշման հարցն էլ այստեղ լուծված չէ, եւ այն տարածքը, որը նախատեսվում էր, որ պետք է ֆիքսվեր որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման տարածք՝ նախկին ԼՂԻՄ-ը, առնավազն մասնակիորեն օկուպացված է՝ լինելով Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

- Պարոն Վարդանյան, հիմա շատերը փորձում են հասկանալ՝ հնարավո՞ր է չեղյալ համարել այս փաստաթուղթը, եւ եթե այո, ապա ինչո՞ւ, ինչպե՞ս, եւ ի՞նչ զարգացումներ կարող են լինել այդ պարագայում։

- Շատերն ասում են, որ այս համաձայնագիրը իրավական ուժ չունի եւ այլն, եւ քանի որ իրավական ուժ չունի, ուրեմն կարելի է չեղյալ համարել կամ չկատարել։ Բայց մենք պետք է հասկանանք, որ այս համաձայնագիրը կրակի դադարեցման եւ կրակի դադարեցման մեխանիզմների վերաբերյալ է։ Կողմերը համաձայնության են եկել, եւ Հայաստանը համաձայնել է դրան ստիպված, որովհետեւ այլ տարբերակ, ինչպես նշում են հայկական կողմերը, չկար։ Այլապես կորցնելու էինք ամեն ինչ։ Խաղաղապահների տեղակայումն իրականացված է, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում դրա չեղարկումը։ Որեւէ մեկը, որը խոսել է չեղարկելու մասին, չի ասել, թե ինչպես է դա հնարավոր։

Ենթադրենք՝ Հայաստանն ասում է` ես փոշմանել եմ, չեմ ուզում խաղաղապահներ լինեն, բայց վերջիններս արդեն այնտեղ են, ի՞նչ պետք է անես։ Ի՞նչ են առաջարկում․ պատերազմել Ռուսաստանի հե՞տ, ասել՝ դուք գնացե՞ք այդտեղից, մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ պատերա՞զմը։ Ի՞նչ են առաջարկում այդ մարդիկ։ Հասկանալի չէ` ինչ են առաջարկում։ 

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարողացել է հասնել նրան, որ ինքը որոշակի պայմաններով է կանգնել, որոշկի պայմաններով է դադարեցրել պատերազմը, որը կործանարար էր ամբողջ Արցախի համար։ Հիմա երբ ասում ես, որ այդ պայմանները չես ընդունում, ուրեմն ի՞նչ ես ստանում արդյունքում, նորի՞ց պատերազմ, պատերազմ ո՞ւմ հետ, երբ ռուս խաղաղապահներն արդեն տեղակայված են։ 

- Հայտարարություններ են հնչում, թե հարցի լուծման կամ գոնե իրավիճակի մեղմացման առաջին քայլը Փաշինյանի հրաժարականն է:

- Միգուցե մեղմացնելու համար իրենք ունեն ինչ-որ պլան, մեխանիզմ, թող հրապապարկեն դա, եւ ով իշխանության է այսօր, այդ մեխանիզմը, եթե լավն է, կիրառի։ Ո՞րն է խնիդրը, ի՞նչ է տալիս փոփոխությունը, ի՞նչ կարող են անել իրենք, որ չի կարող անել Նիկոլ Փաշինյանն այսօր: Բացի այս՝ հետեւյալ խնդիրը կա. երեկ եւ ասյօր ովքե՞ր էին ասում, որ պետք է հրաժարական տա, որ դեռ հնարավորություն կա եւ այլն, ասում էին հիմնականում նրանք, որոնք 2018 թվականին հանրության բացարձակ մեծամասնության կողմից դիտարկվելով որպես հակաժողովրդավարական, հակասահամանադրական, հանցագործ խմբավորումներ, քաղաքացիական դիմադրության լայնամասշտաբ արշավի միջոցով հեռացվել են իշխանությունից։ Ինչո՞ւ պետք է ներկայիս իշխանությունը ընդունի նրանց պահանջը, ի՞նչ սկզբունքով։ Նրանք չունեն լեգիտիմություն, նրանք ներկայացնում են հասարակության բացարձակ փորքրամասնությունը, եթե ինչ-որ մեկին ներկայացնում են…

Ովքե՞ր կարող են ներկայացնել որոշակի պահանջներ իշխանությունների նկատմամբ. նրանք, որոնք ընտրել են իշխանություններին, եւ դա բացարձակ մեծամասնությունն է, եւ նրանք, որոնք ընդունում են ժողովրդավարական սկզբունքները, կրողն են այդ սկզբունքների, այս կամ այն ձեւով իրենց ներդրումն են ունեցել ժողովրդավարական Հայաստանի կայացման գործընթացում։

- Վարչապետի հրաժարականի դեպքում ժողովրդավարությունը չի՞ պահպանվի։

- Կայացած ժողովրդավարական երկրներում, որպես կանոն, որեւէ մեծ ձախողում ունենալուց հետո երկրի ղեկավարները հրաժարական են տալիս՝ անկախ նրանից, թե որքան է մեղքը: Դա շատ առողջ պրակտիկա է, դա նպաստում է նրան, որ երկրի ղեկավարներն ավելի արդյունավետ աշխատեն: Սակայն Հայաստանը դեռեւս լիարժեք կայացած ժողովրդավարություն չէ, իսկ դա ենթադրում է, որ հնարավոր է՝ կտրուկ իշխանափոխության արդյունքում Հայաստանում հաստատվի բռնապետություն։ Նման բան կայացած ժողովրդավար պետություններում հնարավոր չէ։ Եթե լինում են ընտրություններ, դրա արդյունքում եկած իշխանությունը, նույնիսկ եթե վատ իշխանություն լինի, միեւնույն է՝ չի կարող ամբողջ ժողովրդավարությունը վերացնել ու բռնապետություն հաստատել։ Կարող է վատ կառավարում իրականացնել, կարող է սահմանափակել ժողովրդավարական որոշակի մեխանիզմներ, բայց ամբողջությամբ վերացնել չի կարող՝ ժողովրդավարական ինստիտուտները թույլ չեն տա։ Հիմա Հայաստանի նման երկրներում իրավիճակը մի փոքր այլ է՝ չկան կայուն ժողովրդավարական ինստիտուտներ։ Այդ պատճառով կա վտանգ, որ այսօր կտրուկ իշխանափոխությունը՝ առանց ժողովրդավարական ընտրությունների համար համապատասխան մթնոլորտ ձեւավորելու, առանց ժողովրդավարական ընտրական ինստիտուտների ամբողջական ձեւավորման, առանց կուսակցությունների մասին նոր օրենքի, առանց ԶԼՄ դաշտի կարգավորման եւ այլնի՝ կարող է հանգեցնել բռնապետության հաստատման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ովքեր են այսօր ակտիվություն ցուցաբերում փողոցում եւ ինչպես են շահարկում մարդկանց էմոցիաները։

Հիմա, արագ իշխանափոխության արդյունքում կարող են հակաժողովրդավարական, բռնապետական, ծայրահեղ աջ-պոպուլիստական օրակարգ առաջ տանող որոշակի շրջանակներ գալ իշխանության։ Հանրությունը կուզենա երաշխիքներ ունենալ, որ, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում Հայաստանում բռնապետություն կամ օլիգախիկ համակարգ չի հաստատվի:

- Այս պահից ի՞նչ առաջնահերթ անելիքներ ունեն Կառավարությունն ու հանրությունը, ի՞նչ պիտի արվի։

- Նախ պետք է ամեն ինչ անել, որպեսզի երկրում կայունություն լինի, ապահովվի քաղաքացիների անվտանգությունը, ինստիտուտների անվտանգությունը եւ արդյունավետ գործունեությունը։ 2-րդ կարեւոր բանը` ապահովել, որպեսզի ժողովրդավարական մեխանիզմները անհապաղ աշխատեն եւ չլինի կառավարման, քաղաքական ճգնաժամ ու, բնականաբար, այդ ամենին զուգահեռ արդեն քաղաքական-դիվանագիտական լուրջ գործունեության կարիք կա, որ համաձայնագրի տարբեր անհասկանալի հարցերի ճշգրտում ու հայանպա՛ստ ճշգրտում իրականացվի։ 

Վերջինը ենթադրում է լուրջ աշխատանք գործընկերների հետ, Մինսկի խմբի համանախագահների հետ, միջազգային տարբեր կառույցների հետ, ամեն հնարավորը պետք է արվի, որ դեռեւս ամբողջությամբ չհստակեցված կետերը մեր օգտին լինեն։ Այդ հնարավորությունները, կարծում եմ, այսօր կան, մանավանդ, հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը, մասնավորապես՝ Ֆրանսիայի։ Նրանք նույնիսկ ուղղակիորեն են ասում, որ ջանքեր կգործադրեն՝ Հայաստանի շահերը հնարավորինս պահելու համար։ 

Բնականաբար, այս ամենը ենթադրում է, որ հեղաշրջման որեւէ փորձ պետք է չեզոքացվի, չեզոքացվի սահմանադրական ճանապարհով, առանց բախումների։ Հիմա նաեւ անկախ Հայաստանի գոյության, սուվերենության հարցն է լուծվում, ու եթե հանկարծ լինեն բախումներ, որոնք վերածվեն քաղաքացիական պատերազմի, այս դեպքում Հայաստանը կարող է իր անկախությունը ուղղակի կորցնել։

Հայարփի Բաղդասարյան