Արցախի նախագահը 18 տարեկան զոհված զինվորներին ու նրանց մայրերին դավաճան չի համարել․ Նաիրա Զոհրաբյանը մանիպուլացնում է
20:13 - 12 նոյեմբերի, 2020

Արցախի նախագահը 18 տարեկան զոհված զինվորներին ու նրանց մայրերին դավաճան չի համարել․ Նաիրա Զոհրաբյանը մանիպուլացնում է

Այսօր երեկոյան Մատենադարանի մոտ 17 կուսակցությունների ակցիայի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մեջբերելով Արցախի նախագահի երեկվա ուղերձից մի հատված, հայտարարել է, թե Արայիկ Հարությունյանը դավաճան է համարել զոհված զինվորներին ու նրանց ծնողներին․

«Արցախի նախագահը խոսում ա երեկ եւ ասում՝ եթե դավաճան ենք, ապա դավաճան ենք ազգովի, դավաճան ենք բոլորս։ Արայիկ Հարությունյա՛ն, չհամարձակվե՛ս դավաճան համարել զոհված էն 18 տարեկան տղային, ով մահվան սարսափն աչքերին՝ կանգնած էր թուրքական «բայրաքթարների» առաջ, չհամարձակվե՛ս դավաճան համարել էն կամավորներին, ովքեր իրենց ընտանիքը թողած՝ գնացել, սպասում էին, եւ չկար կազմակերպվածություն, չհամարձակվե՛ս դավաճան համարել թիկունքում մեզանից յուրաքանչյուրին, ով ամեն մեկս մեր տեղում մեր գործն ենք արել, չհամարձակվե՛ս դավաճան համարել էն մորը, ով իր երկրու զավակներին է կորցրել այս պատերազմում»,- մասնավորապես ասել է Զոհրաբյանը՝ փաստացի կեղծելով Արցախի նախագահի խոսքերը։

Ստորեւ ուղիղ մեջբերումներով ներկայացնում ենք Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթից այն հատվածները, որտեղ նա խոսում է բոլորիս մեղավորության մասին։

Հարությունյանը 18 տարեկան զինվորներին դավաճան չի՛ համարել, ընդհակառակը, նա հայտարարել է, որ բոլորս ենք դավաճանել մեր 18-20 տարեկան զինվորներին, մեր բալիկներին․

«Ո՞վ է ծախել հողը․ ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրե՛ք»։

Ելույթի նույն այս հատվածի հաջորդ նախադասությամբ Արցախի նախագահը հայտարարել է, որ միայն զոհվածների հարազատներն իրավունք ունեն բոլորին անվանել դավաճան, իսկ Զոհրաբյանը ներկայացնում է, թե Հարությունյանը դավաճան է համարել որդեկորույս մայրերին։

Ելույթում Հարությունյանը նորից է կրկնել, որ մենք զինվորներին թողել ենք մենակ․

«Զինվորի կարիք ունեինք։ Այո՛, մենք ունեինք խնդիրներ, ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր ունեինք, եւ այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»։

Արցախի ղեկավարը նաեւ երրորդ անգամ է շեշտել, որ մենք ենք մեղավոր, որ չենք կանգնել մեր զինվորների կողքին․

«Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճա՞ն է փնտրում, դավաճան են այն տղամարդիկ, որոնք թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, պախկվել Երեւանում, այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուսը զենքը ձեռքին փախչում, որպեսզի չգնային առաջնագիծ․․․բավարար է։ Շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս՝ մեր զինվորներին չպաշտպանելով, կողքներին չկանգնելով։ Ուրիշ մեղավոր, ուրիշ դավաճան չկա»։ 

Այսպիսով, չնայած Արցախի նախագան իր ելույթում երեք անգամ հստակ հայտարարել է, որ դավաճան ոչ թե զինվորներն են, այլ մենք, որ չենք կանգնել նրանց կողքին, Զոհրաբյանը հրապարակավ փորձում է մանիպուլացնել հանրությանը՝ կեղծելով Հարությունյանի խոսքերը։

Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարը՝ Հետք


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել