Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտնեց ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ իր պատկերացումները
16:46 - 12 նոյեմբերի, 2020

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտնեց ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ իր պատկերացումները

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտնեց պետական կառավարման համակարգի վերագործարկելու և ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ իր պատկերացումների ճանապարհային քարտեզը։ Այն կարդաց Արա Պապյանը։

«1․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է հրաժարական տալու և պետական կառավարման համակարգի վերագործարկմանն աջակցելու իր պատրաստակամության մասին, ինչի շնորհիվ էապես նվազելու է ներքաղաքական լարվածությունը։ Հակառակ պարագայում՝ ժողովուրդը և քաղաքական ուժերը պետք է ուղիներ գտնեն հնարավորինս անցնցում կերպով նրա հրաժարականին հասնելու համար։

2․ Նիկոլ Փաշինյանը հրաժարական  է տալիս և ՀՀ նախագահի համադրմամբ քաղաքական ուժերը սկսում են կոնսուլտացիաներ՝ հակաճգնաժամային, անցումային կառավարության ձևավորման նպատակով։ Ժողովուրդը հրապարակներում իր կամքով ու ձայնով գնահատում է քաղաքական ուժերի քաշը և ըստ այդմ հայտնում իր վստահությունը կամ անվստահությունը։ Ժողովրդի վստահությունը չստացած կամ էապես նվազ չափով վստահություն ստացած պետք է համեստորեն մի կողմ քաշվեն և օժանդակողի դեր բռնեն։ Եթե նախագահը հրաժարվում է այդ առաքելությունից, ապա քաղաքական ուժերը պետք է այս գործընթացն ապահովեն փոխադարձ համաձայնությամբ։

3․ ԱԺ-ն երկրորդ քայլի արդյունքներով ներկայացված կողմից ձևավորում է հակաճգնաժամային, ժամանակավոր կառավարություն։ Եթե ԱԺ-ն հրաժարվում է իր այս առաքելությունից, ապա հակաճգնաժամային, ժամանակավոր կառավարությունը կազմավորվում է նախագահի և ժողովրդի համատեղ ջանքերով։ Նախագահի հրաժարվելու դեպքում հակաճգնաժամային, ժամանակավոր կառավարություն կազմավորում է ժողովուրդը հրապարակում։

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր բոլոր տեսակետները չենք համարում վերջնական»,- հայտարարեց Արա Պապյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել