Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
14:12 - 12 նոյեմբերի, 2020

Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են չափազանց դժվար օրեր։ Բոլորիս սրտերում կսկիծ կա, բոլորիս աչքերի մեջ՝ արցունք, հոգում՝ ցավ։ Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ավարտն այնպիսի մի պայմանագրի ստորագրմամբ, ինչպիսին է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների նոյեմբերի տասի համատեղ հայտարարությունը, ըստ էության, հանրային հուսահատություն է առաջացրել եւ բազմաթիվ հարցեր, որոնք պատասխանն ակնկալվում է առաջին հերթին ինձանից։

Ինչու ստորագրվեց Հայաստանի համար նման ոչ շահեկան փաստաթուղթ։ Դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն զեկուցում էր, որ ամեն րոպեն շատ կարեւոր է եւ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը։ Իսկ Արցախի նախագահն ահազանգում էր, որ եթե ռազմական գործողությունները չկանգնեն, օրերի, նույնիսկ ժամերի ընթացքում կարող ենք կորցնել Ստեփանակերտը։

Շատերն, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաեւ Ստեփանակերտը, բայց դրանից շատ բան չէր փոխվի։ Բայց իրականությունը մի փորք այլ է, որովհետեւ եթե կորսվեր Ստեփանակերտը, որն, ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արայիկ Հարությունյանը, մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էին Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետեւ այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին՝ առաջնագծից բավականին հեռու եւ չունեին պաշտպանական ամրություններ ու կառույցներ։

Իսկ ինչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո․ ՊԲ երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր՝ ավելի քան քսան հազար զինվորներ եւ սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջեւ։ 

Այս պայմաններում հասկանալիորեն անխուսափելի կլիներ նաեւ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի։

Շատերը ժամանակի տրամաբանության բերումով հնարավոր է հարց հնչեցնեն՝ իսկ ինչու էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ եւ ինչո՞ւ նույնքան մտահոգ չէի դրանից առաջ։ Խնդիրը հետեւյալն է․ ըստ էության, հրամանատարի ամենակարեւոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելը, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, եւ հրամանատարն այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն։

Փաստացի, լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, ԶՈՒ-ի առջեւ, բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որեւէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա՝ հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պիտի տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի։ 

Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը եւ այն ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլեւ ֆիզիկական իմաստով։ Բայց քսանհինգ հազար զինվորի կյանքն ավելի կարեւոր էր, կարծում եմ՝ նաեւ ձեզ համար։ Սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը։ Ընդ որում՝ այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին։ Թիկունքում այլեւս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա։ Եւ, ուրեմն, եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՛ ֆիզիկական,թ ե՛ քաղաքական առումով։ Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, եւ ես այդ թուղթը ստորագրել եմ այդ գիտակցությամբ։

Ընդ որում՝ այս իրավիճակում եւ պայմաններում հարցն արդեն ոչ թե օրերի եւ շաբաթների տիրույթ էր մտել, որտեղ ոչ թե կարելի էր խուսանավել, խորամանկել, այլ որոշում պետք է կայացվեր։ Ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր տասը, քսան, քսանհինգ հազար զինվերների զոհվելով կամ գերեվարությամբ։

Իսկ ինչու հրաժարական չտվեցի այդ թուղթը չստորագրելու համար, որովհետեւ դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին այն հույսով, որ հետո կասեին՝ վարչապետ Փաշինյանն էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց եւ գնաց նման ամոթալի քայլի։ Որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում՝ թափանիվը կարող էր պտտվել, որն այլեւս որեւէ կերպ հնարավոր չէր լինի կանգնեցնել։

Իսկ այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ․ շատ պարզ պատճառով․ ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացնեի օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադարության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաեւ հակառակորդին, դեռ ավելին՝ մեր քսանհինգ հազար զինվերների՝ ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով։ 

Եվ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար։ Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջեւում են։

Մենք, ավելի կոնկրետ՝ Արցախի նախագահը, ԶՈՒ ԳՇ պետը, ՊԲ հրամանատարը, ես ինքս, ՀՀ կառավարությունը, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները, եւ, բնականաբար, առաջին հերթին ու գլխավորապես կռիվ տվող մեր զինվորները, կամավորները, սպաները, գեներալները ամեն ինչ արել ենք ամեն սանտիմետր ատամներով պահելու համար։ 

Մեր զորքը կռվել է հերոսաբար, կռվել է ոչ թե հանձնելու, այլ պահելու համար, կռվել է ոչ թե պարտվելու, այլ հաղթելու համար, ու կռվել է գործնականում երեք բանակների, դեմ, բայց, ցավոք, ինչպես Արցախի նախագահը երեկ նշեց՝ մենք բավարար չափով բանակի կողքին չկարողացանք կանգնել, կամավորական եւ զորահավաքային շարժումն, իհարկե, բազմաթիվ հերոսական դրսեւորումներով այնքան ամուր չգտնվեց, որ հնարավոր լինի առաջադրած խնդիրը լուծել, ու մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար։

Ինչ վերաբերում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում։ Մասնավորապես, լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է․ խոսքն ընդամենը տարածաշրջանի տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու մասին է, այդ թվում՝ Ադրբեջանից Նախիջեւան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաեւ Երեւանից Նախիջեւանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը՝ Իրանի հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում։ 

Ինչ վերաբերում է ԼՂ այն հատվածին, որը Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո է, ՌԴ խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը՝ Գորիսից մինչեւ Ստեփանակերտ, անխափան գործելու է, ընդ որում՝ նաեւ Շուշիի հատվածում։ Ռուս խաղաղապահներն ապահովելու են նույնպիսի անվտանգ ճանապարհ ամբողջ տարածությամբ, եւ Ստեփանակերտ-Երեւան կապը պիտի լինի հուսալի։

Խաղաղապահներն ապահովելու են նաեւ Արցախի այն հատվածների, սահմանի անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պիտի հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, եւ ՀՀ ու Արցախի կառավարություններն ամեն ինչ կանեն՝ ավերածությունները հնարավորինս արագ վերացնելու, խաղաղ եւ բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար։ 

Սկզբունքային կարեւոր նշանակություն ունի Ղարաբաղի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը։ Այս մասով մեր անելիքները չեն փոխվում, եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջանահերթւոյւն, եւ, ըստ էության, Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ։ 

Կառավարությունը տուրք չի տալու նախկին իշխանություններից հովանավորվող ջարդարարների խմբերի սադրանքներին։ Տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն ու ակտիվ մասնակիցներից շատերը ձերբակալված են, շատերը թաքնվում են, բայց անպայման կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն։

Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին եւ համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունն անմնացորդ կրելու գործում՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որեւէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռւոպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակներն իրագործեկու համար։

Հենց այս թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ, եւ ոչ թե բանակի զարգացման գործին։ 

Սիրելի՛ ժողովուրդ, մեր երկիրն ունի ապագա, եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր այս դժվար փորձությունը դառնա այդ ապագայի կարեւոր անկյունաքար, եւ մենք պետք է ազգովի դասեր քաղենք մեր գործած սխալներից։ Շատերը կհարցնեն՝ արդյոք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին, այո՛, որովհետեւ այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքում։

Զոհվածների հարազատները, իհարկե, մեզ մի հարց պիտի տան, թե ի վերջո ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները․ այս հարցի պատասխանը մեկն է․ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին։ Մեր խոնարհումը նրանց առջեւ մեր ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որ պիտի շենացնի մեր երկիրը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել