ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում․ Քերի Քավանո |factor.am|
11:55 - 11 նոյեմբերի, 2020

ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում․ Քերի Քավանո |factor.am|

factor.am: Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք մշակվել են Մինսկի խմբի շրջանակում։ Այն դուրս է պարզ հրադադարի սահմաններից, հիմք է հանդիսանում հակամարտության հնարավոր կարգավորման համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիայում հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն։

«Սա հումանիտար զինադադար կամ հրադադար չէ, որի վրա նախկինում աշխատել են Լավրովը և Պուտինը, Պուտինը և Մակրոնը, որը Պոմպեոն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սա շատ ավելի հեռուն է գնում: Սա հրադադարի ռեժիմ է՝ խաղաղ կարգավորման հիմնական տարրերով: Այս տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում»,- հայտարարել է Քավանոն։

Այդ տարրերի թվում նա նշել է տարածքային զիջումները, խաղաղապահների տեղակայումը, փախստականների վերադարձը, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների երաշխավորումը մի կողմից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքների միջև: «Քաղաքական առումով Ռուսաստանը հեռու չի գնացել այն դիրքորոշումներից, որոնք սատարում էին Ֆրանսիան և Միացյալ Նահանգները:

Միակ բանը, որը տարբերվում է  այս ամբողջ ընթացքում ձեռք բերված համաձայնություններից, ռուս խաղաղապահներն են»,- հայտարարել է Քավանոն: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը երկմտում էր սեփական խաղաղապահներին ուղարկելու անհրաժեշտության հարցում, բայց դա արեց այն ժամանակ, երբ իրավիճակը Հայաստանի համար կրիտիկական էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել