ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա |azatutyun.am|
10:15 - 11 նոյեմբերի, 2020

ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգե Ծերեթելին հայությանը հասցեագրված հատուկ ուղերձով մեկնաբանել է ղարաբաղյան պատերազմն ավարտելու ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնությունը:

Նա հույս է հայտնել, որ այդ փաստաթղթով կհաջողվի վերջապես դադարեցնել արյունահեղությունը: Նա ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում մարդկային կորստի համար: Ծերեթելին նաև կողմերին հորդորել է առանց ձգձգելու սկսել գերիների, ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը:

«Ճանապարհը դեպի հարատև խաղաղություն շատ հաճախ ավելի բարդ է, քան բուն պատերազմը, կոչ եմ անում բոլոր կողմերին բարի կամքով սկսել բանակցությունները, ապահովել տեղահանվածների և փախստականների անվտանգ վերադարձը, հասնել համապարփակ կարգավորման և վերջապես միասին կառուցել ապագան», - ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Գեորգե Ծերեթելին արձագանքել է համաձայնագրի հրապարակմանը Երևանում հաջորդած անկարգություններին: Նա խորը մտահոգություն է հայտնել ամբոխի կողմից խորհրդարանի և կառավարության շենքերը գրավելու, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ:

«Ես վրդովված եմ բողոքի ակցիաների որոշ մասնակիցների կողմից խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու փաստից: Կասկած չկա, որ դա շատ ցավալի և զգացական օր է հայ ժողովրդի համար, բայց ես կոչ եմ անում պահպանել վստահությունը դեմոկրատական ճանապարհով ընտրված իշխանության հանդեպ, քանի որ այդ իշխանությունը պետք է ղեկավարի Հայաստանը մարտահրավերներով լի այս դժվար ժամանակներում», - ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել