Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հաջորդ տարի կավելացվեն նոր հաստիքներ |armenpress.am|
17:11 - 09 նոյեմբերի, 2020

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հաջորդ տարի կավելացվեն նոր հաստիքներ |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2021-ի պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 313 մլն դրամ, հանձնաժողովում կավելացվի 4 նոր հաստիք: ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նա նշեց, որ հայտով այլ գումար էին ներկայացրել: Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ է ընկած բյուջետային հայտի հիմքում: «Մենք ստիպված ենք եղել ավելացնել 2021-ի մեր նախատեսված ծախսերը՝ ելնելով երկու հանգամանքից: Առաջինը օգոստոսին ուժի մեջ մտած Տեսալսողական մեդիայի մասին օրենքն է, որը բավականին ավելացնում է մեր հանձնաժողովի գործառույթները: Երկրորդը մի քանի օրենքների դրույթներն են, որոնք ներկայիս գործառույթներին ավելացնում են նոր գործառույթներ. վերահսկողության տակ գտնվող մեդիածառայությունների նոր խմբեր, օրինակ՝ դիստրիբիուտորների խմբերը կամ ցանցային օպերատորների հեռուստածրագրերի մշտադիտարկումը և այլն»,-ասաց Հակոբյանը:

Հանձնաժողովը բյուջեի հայտը ներկայացրել է դեռ այն ժամանակ, երբ պատերազմը չէր սկսվել, սակայն համավարակը հուշել է, որ մեծ սպասելիքներ չեն կարող ունենալ՝ հաշվի առնելով տնտեսական վիճակը: «Այնուամենայնիվ, քննարկումներից հետո եկանք այն եզրահանգման, որ 4 նոր հաստիքով կփորձենք բավարարվել: Եվ այս 4 հաստիքներից 2-ը վերլուծական բաժնի աշխատակիցներն են: Այս պատերազմը ցույց տվեց, որ նրանք անհրաժեշտ են մեր գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար»,-ասաց Հակոբյանն ու հավելեց, որ այլ ավելացումներ գրեթե չկան:

Նա հիշեցրեց, որ ընդունված նոր օրենքով՝ մեդիաընկերությունների կողմից վճարվող պետական տուրքերի և հանձնաժողովի կողմից կիրառված տույժ ու տուգանքների 30 տոկոսը մնում է հանձնաժողովին: Հակոբյանի կարծիքով՝ դա մեծ գումար չէ, սակայն թույլ է տալիս լուծել կարևորագույն խնդիրը՝ բարձրացնել հանձնաժողովի ֆինանսական անկախությունը: Նրա խոսքով՝ ցանկացած փոքր գումարի համար ստիպված են դիմել կառավարություն: Հակոբյանն օրինակ բերեց. «Նախորդ տարի մենք եվրոպական անկախ կարգավորող մարմինների պլատֆորմին պետք է մուծեինք  180 եվրո: Եվ այդ 180 եվրոյի հայթայթումը տևեց 9 ամիս: Պետք է կառավարության որոշում ընդունվեր, որը մի քիչ ուշացավ: Հիմա ազատ գումարներ կունենանք, որով այդ հարցերը կլուծենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել