armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 1100-ին:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի, գումարային առումով փաստացի մոտ 1100 ծայրահեղ ծանր և ծանր հիվանդներ կան: Այս պահին 73-ը միացված են արհեստական շնչառության սարքերի»,-ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե 14-օրյա բուժումից հետ ինչու՞ քաղաքացիներին դուրսգրումից առաջ չեն թեստավորում՝ նախարարն ասաց, որ ոչ բոլոր դեպքերում է, որ բուժումը լինում է 14-օրյա: Լինում է, երբ բուժումն ավելի կարճատև է տևում՝ 5-6 օր կամ ավելի կարճ, և լինում է, որ բուժումը շատ ավելի երկար է տևում՝ նույնիսկ ամիսներ: Սակայն, եթե քաղաքացին դուրս է գրվում, օրինակ, 14 օրը լրանալուց ավելի վաղ, այնուամենայնիվ, նրան ցուցվում է մինչև 14 օրվա ավարտը մնալ տանը:

Վերջնական բուժման փաստն արձանագրելու թեստավորման նպատակահարմարությունը բացատրվել և հանվել է: Բուժված լինելու փաստը արձանագրվում է ոչ թե թեստավորմամբ, այլ կլինիկական լավացմամբ: