armenpress.am: Հայաստանը 50 հազար հակագենային նոր թեստ կստանա, որոնք ՊՇՌ թեստերից ավելի արագ են հայտնաբերում մարդու օրգանիզմում առկա կորոնավիրուսը:

Այս մասին նոյեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ուզում եմ մի լուր հայտնել, որը, հավանաբար, կհանգեցնի ՊՇՌ թեստերի գների իջեցման, դա նոր տեսակի հակագենային թեստերի ներմուծումն է Հայաստան: Այդ թեստերն ավելի արագ են հայտնաբերում վիրուսը և, հավանաբար, կբերեն շուկայի կառուցվածքի փոփոխության, և մարդիկ ու բժշկական կազմակերպությունները կսկսեն դրանք օգտագործել: Աշխարհում այդ միտումը կա, և մենք 50 հազար նման թեստ ենք ստանալու շուտով: Այդ ստացված թեստերն արվելու են անվճար»,- ասաց Թորոսյանը:

Առողջապահության նախարարը հավելեց, որ այժմ ՊՇՌ թեստերից աշխարհում անցում է կատարվում հակագենային թեստերի: