Շուշիի համար ճակատամարտը, ինձ թվում է, վաղը կավարտվի․ Արծրուն Հովհաննիսյան
20:35 - 08 նոյեմբերի, 2020

Շուշիի համար ճակատամարտը, ինձ թվում է, վաղը կավարտվի․ Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և Շուշիի շրջակայքում։ Այս մասին այսօր՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում, հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր զորքերը հերոսական պայքար են մղում` Շուշին պաշտպանելու և որոշ դիրքերում, որտեղ արդեն հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերադարձնելու ուղղությամբ»,- նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ ամբողջ ցերեկ` վաղ առավոտից, համառ մարտեր են եղել: Հակառակորդը երեկ՝ ցերեկը, գիշերը, սկսել է մեծ խմբերով ներթափանցել Շուշի, և մեր զորքերը, կատարելով վերախմբավորում, հակառակ գործողություններ են իրականացրել: 

«Չկա այնտեղ կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն և լիարժեք նախաձեռնողականություն քաղաքի և շրջակայքի տարածքների վերահսկողության նկատմամբ»,- հայտնեց նա։

Հովհաննիսյանը կարծում է՝ հակառակորդը չէր պատկերացնում, որ մենք այսպես համառ կդիմադրենք Շուշիի համար։ Նա հորդորեց Շուշիի վերաբերյալ վաղաժամ գնահատականներ չտալ՝ ո՛չ լավատեսական, ո՛չ, առավել ևս, վատատեսական, և կոչ արեց վստահել մեր զորքին:

«Մեր զորքը համառ պայքար է մղել ամբողջ օրը, շատ գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով: Սպասենք որոշ ժամանակ: Կարելի է ասել, ոը Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը երեք-չորս օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, հաջողությունների ու անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, վերջանական պարզ կլինի: Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե իրենք վերցրել են Շուշին, և թուրքական կողմի շնորհավորանքին, Հոնհաննիսյանը նշեց, որ Ալիևն այս ամբողջ ընթացքում հայտարարում էր, որ իրենք շատ բնակավայրեր են վերցրել, բայց իրականում այդպես չէր։

«Առնվազն շատ դեպքերում ավելի շուտ էր հայտարարում, քան դա լինում էր։ Եվ որոշ բաներ էլ հայտարարում է, բայց մինչև հիմա այդպես չէ: Չէի ուզենա` մեր հասարակությունը հենվեր Ալիևի հայտարարությունների վրա»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել