ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամներին
18:44 - 08 նոյեմբերի, 2020

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամներին

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Նարեկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամ Շաքե Իսայանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի աշխատակազմից։

Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, ողջունելով բարոնուհուն եւ պատվիրակության անդամներին խորհրդարանում, բարձր են գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը, նրա հավատարմությունը համամարդկային արժեքներին, ժողովրդավարության սկզբունքներին եւ ջերմ վերաբերմունքը մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասն ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված պատերազմական իրավիճակը: Խոսելով Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի միջոցով ռազմական գործողություններում ներգրավել են նաեւ վարձկան ահաբեկիչների: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ էթնիկ զտման, ոչնչացման քաղաքականություն է իրականացվում արցախահայերի նկատմամբ:  Ադրբեջանը Թուրքիայի հետ իրականացնում է վայրագ գործողություններ՝ կիրառելով արգելված զենքեր:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնել նման դժվար պահին Հայաստանի կողքին լինելու համար: Նա նշել է, որ արցախահայերը հերթական ցեղասպանությունից փրկվելու պատերազմի մեջ են, եւ պետք է ջանքեր գործադրել կանգնեցնելու համար այս աղետը: Էդմոն Մարուքյանն անթույլատրելի է համարել նման իրավիճակը, ողբերգությունը 21-րդ դարում:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կարեւորել է բրիտանական գործընկերներին եւ միջազգային կառույցներին խնդրի վերաբերյալ իրազեկումը: Նա նշել է, որ Թուրքիան հայ ժողովրդի ոչնչացման պատերազմ է սկսել` փաստելով, որ Ադրբեջանը պարզապես կատարում է Թուրքիայի պահանջը: Ընդգծելով Թուրքիայի առանցքային դերակատարությունը՝ բանախոսը նշել է, որ բոլոր գործընթացների ռազմական կառավարումն իրականացվում է թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը ողողված է ծայրահեղական վարձկան ահաբեկիչներով եւ առկա են տարածաշրջանի անվտանգության լուրջ սպառնալիքներ:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը, ներկայացնելով մանրամասներ պատերազմի ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունից, կարեւորել է Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Նա խոսել է նաեւ ահաբեկչությունը սատարող երկրներին զենքի վաճառքի կասեցման խնդրի մասին: Բանախոսը շեշտել է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցը:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է, որ վերջին տասնամյակների պատմությունը ցույց է տվել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Խոսելով Թուրքիայի իրականացրած ցեղասպանության քաղաքականության շարունակության մասին՝ նա շեշտել է, որ ցեղասպանությունը 21-րդ դարում այն նկարագիրն ունի, ինչ կատարվում է Արցախում: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ռազմական գործողութուններում կիրառվում է նորագույն գերտեխնիկա:

Պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Նարեկ Մկրտչյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից արգելված քիմիական զենքի կիրառմանը, պատերազմական վայրագություններին, նշել են, որ ջանք պետք է գործադրել միջազգային հանրության լռությունը կոտրելու գործում:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ իրավիճակը մանրամասն ներկայացնելու համար՝ ընդգծելով իր մտահոգությունը շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ: Նա նշել է, որ մեծ կսկիծով եւ տագնապով է հետեւում Արցախում տեղի ունեցող ահավոր երեւույթներին: Նա տեղեկացրել է, որ պատվիրակության խմբում են նաեւ բրիտանացի լրագրողներ, որոնք տեղում իրավիճակին ծանոթանալու ցանկություն են հայտնել:

Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ բարոնուհի Քերոլայն Քոքսը հանդես է եկել անձնական հայտարարությամբ, հրապարակել է հաղորդագրություններ, հայտարարություններ, դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից իրականացված խոշտանգումները, խաղաղ բնակչության սպանությունը, ծննդատան ռմբակոծումը:

«Աշխարհը երախտագիտության մեծ պարտք ունի Հայաստանի, Արցախի ժողովրդին, որն աշխարհի մնացած մասի համար պահել է հավատի ու ազատության առաջնագիծը»,- ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Խորհրդարանականները պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին, որոնք վերաբերել են Արցախի Հանրապետության ճանաչմանը, արցախահայության անվտանգության երաշխիքներին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել