Սոցցանցերի հայաստանյան տիրույթում այսօրվա ընթացքում ակտիվորեն տարածվում է մի լուր, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Վրաստանի Բաթումը, Սիրիայի, Հունաստանի եւ Բուլղարիայի մի շարք քաղաքներ պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ: Այս տեղեկությունն իր էջում հրապարակել էր նաեւ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, սակայն ավելի ուշ հեռացրեց գրառումը՝ չնայած հայալեզու որոշ լրատվամիջոցներ, հիմք ընդունելով Սարգսյանի գրառումը, լուրն արդեն տարածել էին։

Нет описания.

Էրդողանն իրականում այսպիսի հայտարարություն արել է շուրջ չորս տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Թուրքիայի Ռիզե քաղաքի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ (տեսանյութում ելույթի այդ հատվածը՝ սկսած 30-րդ րոպեից):

Թուրքիայի նախագահը, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ինչու են իրեն հետաքրքրում Կիպրոսը, Սիրիան, Վրաստանը եւ մնացած երկրները, ասել է, որ իրեն հետաքրքրում են աշխարհի այն անկյունները, որտեղ կան իրենց մշակույթի մասնիկները:

«Ինձ հետաքրքրում են Թուրքիան, Ղարաբաղը, Կիպրոսը, Իրաքը, Ղրիմը, Բոսնիան, ինչպես նաեւ մյուս եղբայր երկրները: Մենք ունենք այս երկրներով հետաքրքվելու բոլոր իրավունքները, եւ որ օրը չհետաքրքվենք դրանցով, կկորցնենք մեր ապագան։ Մենք նախ պետք է հավատանք մեզ, մեր ուժերին, մեր պատմությանը»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը ելույթում նաեւ ուղիղ չի շեշտել, թե դրանք պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ: Նա միայն ասել է, որ հետաքրքրված է այդ տարածքներով:

Այսպիսով, հայաստանյան մեդիատիրույթում շրջանառվող լուրն առնվազն չորս տարվա վաղեմություն ունի․ Էրդողանն այսօր Բաթումի՝ Թուրքիայի սահմանների մեջ մտնելու մասին որեւէ հայտարարություն չի արել։

Աննա Պալաքյան