Պատգամավորներն առաջարկում են 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի չափի |hetq.am|
18:23 - 06 նոյեմբերի, 2020

Պատգամավորներն առաջարկում են 1000 դրամները բարձրացնել ըստ աշխատավարձի չափի |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Շաքե Իսայանն առաջարկում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացվող դրոշմանիշային վճարները` 1000 դրամները, բարձրացնել ըստ աշխատավարձի հարկման բազայի:

Նոյեմբերի 5-ին, Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ֆիզիկական անձանց համար 1000 դրամները դարձնել 3000 դրամ:

Պատգամավորներն առաջարկում են մինչև 150 հազար դրամ հարկման բազայի դեպքում 1000 դրամ դրոշմանիշային վճարը թողնել անփոփոխ, 150 հազարից 300 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 2000 դրամ, 300 հազարից 500 հազար դրամ հարկման բազայի դեպքում` 3000 դրամ, 500 հազարից մեկ միլիոն դրամ հարկման բազայի դեպքում` 6000 դրամ, մեկ միլիոն դրամից ավելի հարկման բազայի դեպքում` 12 հազար դրամ: Անհատ ձեռնարկատերերը և նոտարները ևս 12 հազար դրամ են պարտավորվում վճարել յուրաքանչյուր ամիս:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ստեղծված պատերազմական իրավիճակում կտրուկ ընդլայնվելու է հիմնադրամի շահառուների շրջանակը, և հատուցումների պատշաճ տրամադրման համար անհրաժեշտ է լինելու զգալի չափով հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել: Ուստի պատգամավորներն առաջարկում են ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգի, ինչը թույլ կտա զգալի չափով ավելացնել հավաքագրվող դրամական միջոցները:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել