Կառավարությունը 2021-ին գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ուղղությամբ կհատկացնի 31.2 մլրդ դրամ |armenpress.am|
11:43 - 06 նոյեմբերի, 2020

Կառավարությունը 2021-ին գյուղատնտեսության աջակցության ծրագրերի ուղղությամբ կհատկացնի 31.2 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ կառավարության հատկացրած միջոցների ծավալը տարեվերջին կհասնի 29 մլրդ դրամ, կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի հատկացնել 31.2 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

 

«Արդեն իսկ գարնանը, երբ պարզ դարձավ, որ համավարակը պետք է մեծ չափով ազդի տնտեսական ակտիվության վրա, մենք վերանայեցինք կառավարության անելիքները գյուղատնտեսության ոլորտում: Հասկանալի էր, որ մենք պետք է էապես ավելի մեծ աջակցություն ցուցաբերեինք տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերթին կարող է պարենային ապահովության երաշխիքներ ստեղծել: Այն իր ապակենտրոնացվածության շնորհիվ թույլ էր տալիս ստեղծել ներառական տնտեսական ակտիվություն և դրանով մեղմել այն տնտեսական վնասները, որ կարող էին առաջանալ համավարակի արդյունքում: Այդ ամենի արդյունքում մենք սպասում ենք, որ 2020-ին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ հատկացված կլինեն 29 մլրդ դրամին հասնող ֆինանսական միջոցներ: Ընդ որում, դրանք բոլորն էլ շարունակական են»,- ասաց նախարարը:

2021-ին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ֆինանսական աջակցությունը կկազմի մոտ 31.2 մլրդ դրամ:

Աջակցությունը գյուղատնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու նպատակ ունի: Անդրադառնալով բուսաբուծության ոլորտին՝ նախարարը հիշեցրեց, որ հատկապես ինտենսիվ այգեգործությունն այն ճանապարհն է, որ բուսաբուծության ոլորտում կարող է առաջացնել բեկում: Նա հիշեցրեց 2020-ին իրականացված պիլոտային ծրագրի՝ եղանակային ռիսկերից ապահովագրության համակարգի ներդրման մասին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել