Սոլովյովն ապատեղեկատվություն է տարածում․ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար ներողություն չի խնդրել
15:17 - 05 նոյեմբերի, 2020

Սոլովյովն ապատեղեկատվություն է տարածում․ Փաշինյանը The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար ներողություն չի խնդրել

Ռուսական «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը թվիթերի իր միկրոբլոգում երկու օր առաջ գրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Իսրայելից՝ The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարության համար։

Нет описания.

«Փաշինյանը ներողություն է խնդրել Իսրայելից՝ Վիեաննայում տեղի ունեցած ահաբեկչական հարձկումից հետո՝ The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցի համար»,- գրել է Սոլովյովը։ Այնինչ, այս գրառումն իրականության հետ աղերս չունի։

Փաշինյանը, մասնավորապես, խոսելով Իսրայելի առաջարկած մարդասիրական օգնության մասին, The Jerusalem Post-ի թղթակցի հետ զրույցում ասել էր․

«Իսրայելը հայտնվել է միեւնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների եւ սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, եւ, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետեւանքով։ Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին եւ ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:

Հարցազրույցի նույն օրը՝ նոյեմբերի 3-ին, հայտնի դարձավ, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին (հրեական աղոթատուն) հարող տարածքում տեղի է ունեցել ահաբեկչություն․ մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ: 

Այս դեպքից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան եւ թվիթերյան իր էջերում գրեց՝ ցավում է, որ հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով։

Нет описания.

Нет описания.

Փաստորեն, Սոլովյովը սխալ է ներկայացնում Փաշինյանի խոսքերը։

Ռուս մեկնաբանի թվիթերյան գրառման մեկնաբանություններում օգտատերերը մատնանշել են, որ ՀՀ վարչապետը ոչ թե ներողություն է խնդրել, այլ ցավով արձանագրել է տեղի ունեցածը։

Այն, որ Սալավյովը ոչ թե վրիպել է, այլ դիտմամբ է սխալ ներկայացրել եղելությունը, փաստում է հանգամանքը, որ նույնիսկ այդ մեկնաբանություններից հետո նա ոչ ուղղել, եւ ոչ էլ հեռացրել է իր գրառումը։

Բացի այս, նույնիսկ Google-ի ավտոմատ համակարգի միջոցով Փաշինյանի անգլերեն գրառումը ռուսերեն թարգմանելիս «ցավալի» բառը «ներողություն» չի դառնում։

Нет описания.

Նշենք, որ Փաշինյանն այս երկու օրերի ընթացքում որեւէ այլ հարթակում եւս ներողություն չի խնդրել իր հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների համար։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել