ԱՄՆ ընտրություններին հետևող ԵԱՀԿ միջազգային դիտորդները հայտարարություն են տարածել
 |shantnews.am|
14:46 - 05 նոյեմբերի, 2020

ԱՄՆ ընտրություններին հետևող ԵԱՀԿ միջազգային դիտորդները հայտարարություն են տարածել |shantnews.am|

shantnews.am: 

ԱՄՆ ընտրությունները բավական մրցակցային էին, սակայն դրանք խամրել են իրավական անորոշության և հանրային վստահությունը խաթարելու աննախադեպ փորձերի պատճառով։ Այս մասին հայտարարություն են տարածել ԱՄՆ ընտրություններին հետևող ԵԱՀԿ միջազգային դիտորդները։

Ըստ նրանց՝ քվեարկությունը եղել է մրցակցային և լավ կազմակերպված՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։ Սակայն, միևնույն ժամանակ, ընտրարշավին բնորոշ է եղել խոր արմատավորված քաղաքական բևեռացում, որը հաճախ խանգարել է բանավեճերին և ներառել է խարդախությունների անհիմն մեղադրանքներ։

«Գործող նախագահի կողմից համակարգված թերությունների մասին անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ ընտրությունների գիշերը, վնասում են հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ»,- ասել է դիտորդական առաքելության համակարգող և ղեկավար Մայքլ Ջորջ Լինկը:

Ըստ դիտորդների՝ ԱՄՆ ընտրությունների ընդհանուր ծախսերը կազմել են 14 միլիարդ դոլար։

ԱՄՆ համընդհանուր ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության կազմում եղել է 102 դիտորդ 39 երկրից։

Մինչ այժմ հաշվարկված տվյալների համաձայն՝ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը հավակնում է ընտրիչների 264 ձայնի, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայնի, մինչդեռ հաղթանակ տանելու համար թեկնածուի օգտին պետք է քվեարկի 270 ընտրիչ։

 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել