Հրթիռակոծության հետևանքով վնասված կրթական ենթակառուցվածքները լուրջ վերականգնման կարիք են ունենալու. ԿԳՄՍ փոխնախարար |1lurer.am|
13:39 - 05 նոյեմբերի, 2020

Հրթիռակոծության հետևանքով վնասված կրթական ենթակառուցվածքները լուրջ վերականգնման կարիք են ունենալու. ԿԳՄՍ փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Անցյալ տարվա նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները որոշում ընդունեցին նոյեմբերի առաջին հինգշաբթին նշել դպրոցում բռնության դեմ պայքարի օր։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ այսօր արցախցի երեխաների նկատմամբ բռնություն իրականացվում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով։

Փոխնախարարն ընդգծեց, որ շուրջ 33 հազար երեխայի կրթության իրավունք է խախտվել, նրանք հնարավորություն չունեն իրացնելու իրենց սովորելու իրավունքը դպրոցում, մանկապարտեզում, քոլեջում և բուհում: Անդրեասյանն անդրադարձավ նաև կրթական օջախների ավերածություններին։

«Արդեն իսկ վերջին տվյալներով՝ շուրջ 61 դպրոց և 10 մանկապարտեզ զգալի ավերածությունների են ենթարկվել, ենթակառուցվածքները ունենալու են լուրջ վերականգնման կարիք»,- ասաց փոխնախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ կրթության իրավունքի խախտման իմաստով բռնության թիրախ են դառնում նաև ՀՀ սահմանամերձ համայնքների սովորողները։ Ասաց, որ դեռևս պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից, ելնելով անվտանգության նկատառումներից, սահմանամերձ համայքների երեխաների կրթությունը կազմակերպվել է հեռավար եղանակով։

«Մենք ունեցանք դպրոցների թիրախավորման դեպքեր ՀՀ-ում՝ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ Կութի և Սոթքի դպրոցները նույնպես վնասվեցին այս հարձակման հետևանքով»,- ասաց Անդրեասյանը՝ նշելով, որ պատերազմական դրությունը մեծապես վտանգում է երեխաների կրթության իրավունքը՝ լրջագույն խնդիրներ առաջացնելով նաև նրանց հոգեկան  առողջության, կյանքի իրավունքի, առողջության պահպանման տեսանկյունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել