armenpress.am: Հայաստանը հենց հիմա էլ իրականացնում է դեսպանների համալրման գործընթաց, պատերազմական իրավիճակը գործընթացը մի փոքր դանդաղեցրել, սակայն չի կանգնեցրել:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ դեսպանների համալրման խնդիր:

Մնացականյանն արձագանքեց՝ աս փուլում վերջին զարգացումները մի փոքր դանդաղեցրին, սակայն չկանգնեցրին գործընթացը: «Այս փուլում հիմա տեղի է ունենում համալրումը, պլանավորված կերպով եկանք հասանք այս փուլին: Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա տեղի է ունենում: Բնականաբար, այդ գործընթացն այնպիսին է, որ հրամանի պահին է հայտարարվում, թե այդ գործընթացն ավարտվել է: Մենք մոտ մեկ ամիս հետ ընկանք, բայց գործընթացը որևէ կերպ չկանգնեց»,- ասաց նախարարը:

Նա նշեց՝ մոտենում են այն պահին, երբ արտաքին ոլորտի հորիզոնական կառավարումն ավելի կուժեղանա: Յուրաքանչյուր ուղղությամբ կառավարման մակարդակն ավելի կբարձրանա: «Պատասխանավության սփռումն ավելի ամրապնդվում է: Եվ շատ մոտենում ենք խիստ ուղղահայաց համակարգից հորիզոնական համակարգի կառավարման նպատակին»,- ասաց ԱԳ նախարարը:

Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեին՝ Մնացականյանը նաև նշեց, որ նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես պետբյուջեի միջոցներով և նվազեցնել, բացառել տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են: